Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 18-ամյա երիտասարդը մահացել է.

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Համլետ Սլոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ  Գարիկ Հովհաննիսյանի  կողմից հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:​

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արազափ-Վարդանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Զավեն Նազարեթյանի վարած MAN մակնիշի բեռնատարն ու 18-ամյա Համլետ Սլոյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։

Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները և իրենց ավտոմեքենայով էլ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել էին Երևանի հիվանդանոցներից մեկը։

© shamshyan.com