Լուրեր Արմավիրից և Աշխարհից

ՔՊ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՆԳԱՄ ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՀԱՇՏՎԵԼ, ԲԱՅՑ Ո՛Չ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացավ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ բանագնացներ՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի մասնակցությամբ:

Այս գործընթացի վտանգավոր, մեզ համար նույնիսկ աղետալի ռիսկերի մասին շատ է խոսվել: Ասվել է, թե ինչպես կարելի է հարաբերություններ կարգավորել մի պետության հետ, որը Հայաստանի հետ նախապայմանների լեզվով է խոսում՝ Զանգեզուրի միջանցքի, Ցեղասպանության հարցից, Արցախի անկախությունից հրաժարում պարտադրելու տեսքով։ Չնայած դրան, իշխանությունները շարունակում են  պարտիզանական լռություն պահպանել նույնիսկ բանագնացների առաջին հանդիպումից հետո: Իսկ ԱԳՆ եռալեզու հաղորդագրություններն էլ ավելի խորացրին գործընթացի վտանգավորության մասին կասկածները։ Հայերեն տարբերակում նշված էր, որ կայացել է կառուցողական հանդիպում, իսկ անգլերեն եւ ռուսերեն տեքստերում` բանակցություններն անցել են «դրական եւ կառուցողական մթնոլորտում»։

Իրականում ի՞նչ գործընթաց է սկսվել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, ինչպե՞ս հասկանալ, երբ այդ հանդիպումից բառացիորեն 3 օր առաջ ՀՀ սահմաններին թուրք-ադրբեջանական սադրանքների հետեւանքով հայկական կողմը 3 զոհ ունեցավ, ո՞րն է լինելու հարաբերությունների գինը: Երեկ այս հարցերն էր փորձում ԱԺ-ում բարձրացնել ընդդիմությունը` ի դեմս «Հայաստան» խմբակցության պատգամավորների, սակայն Ռուբեն Ռուբինյանի նյարդերն ինչ-որ պահից այնքան տեղի տվեցին, որ ընդդիմության եւ իշխանության միջեւ հերթական կոնֆլիկտը ծագեց, որը քիչ էր մնում ավարտվեր ձեռնամարտով։ Ռուբինյանը, որ նախկինում էլ առանձնապես չի փայլել հավասարակշիռ պահվածքով եւ ընդդիմախոսների նկատմամբ զսպվածությամբ, երեկ ակնհայտ նյարդային վիճակներում էր եւ ինչ-որ պահի կորցրեց ինքնատիրապետումն ու սլացավ «Հայաստան» դաշինքի ուղղությամբ՝ սպառնալով՝ «հեսա ցույց կտամ, որ ինչ ուզեմ, այն էլ կանեմ» գոռալով։

Իհարկե, կեսճանապարհից փոշմանեց, ինքնակամ վերադարձավ ամբիոնի մոտ եւ նիստի ընդմիջում հայտարարեց, բայց մինչ այդ հասցրել էր իր ոսկեղենիկ բառապաշարով հաստատել ընդդիմադիրների «մեղադրանքներն» առ այն, որ Ռուբինյանը չի կարող պետության անունից բանակցել եւ առաջնորդվել պետության շահերով: «Հիմարի մեկը դու ես․․․ ինչ ուզեմ, էն էլ կանեմ, լավ եմ անում»․ այսպես էր նա սաստում իրեն քննադատած ընդդիմադիրներին` մոռանալով, որ ժամանակին իր առաջնորդն ավելի սադրիչ պահվածք էր դրսեւորում ԱԺ-ում` գործող իշխանությունների հանդեպ։

Իսկ ընդդիմադիրները փորձում էին հասկանալ՝ ինչ որոշմամբ է Ռուբինյանն իրականացնում բանագնացի գործառույթներ, քանի որ պատգամավորի գործառույթների մեջ դա չի մտնում, եւ ՀՀ վարչապետը հատուկ որոշում կամ կարգադրություն պետք է ստորագրեր, ինչը չի արել։ Նիստը վարող Հակոբ Արշակյանը եւ Ռուբինյանը, սովորույթի համաձայն, «կրուտիտով» փորձեցին շրջանցել այդ հարցը՝ չտալով բովանդակային պատասխան։ Իրավիճակը սրվեց, երբ Ագնեսա Խամոյանն ակնարկեց Ռուբինյանի` «ազդեցության գործակալ» լինելու մասին: «Ի՞նչ կառուցողական հանդիպում է եղել Թուրքիայի ներկայացուցչի հետ։ Ինչո՞ւ, երբ այս դահլիճում ժամանակին խոսվեց Ռուբինյանի՝ Թուրքիայում ուսանելու եւ ազդեցության գործակալ լինելու մասին, այդ հարցերը պարզաբանումներ չստացան»,- հարցրեց Խամոյանը։

ՔՊ թիմն անցավ հակահարձակման, իսկ Ռուբինյանն անգամ սպառնաց. «Ես բավականին համբերատար մարդ եմ, բայց ճի՞շտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկն ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Հիմա ինձ լսեք, տիկին Խամոյան, եւ ձեր ամբողջ խմբակցություն։ Այստեղ որեւէ մեկը կա, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակա՞լ եմ։ Այդպիսի մարդ չկա եւ չի կարող լինել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նախ դա լիապես անհիմն պնդում է, երկրորդ՝ որովհետեւ, ի պատասխան դրա, ես կարող եմ մոռանալ իմ համբերատարությունն ու բարեհամբույրությունը եւ ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ․․․ կփորձեմ, արխային, ու սրանից հետո իմ հետ «դու»-ով չխոսաս։ Պա՞րզ է։ Հանգստացեք բոլորդ եւ իմացեք, թե որտեղ եք ու ինչ եք խոսում։ Պարոն Օհանյան եւ Մինասյան, կարգի բերեք ձեր խմբակցության անդամներին, առաջին եւ վերջին անգամ եմ ասում»։ Ավելի ուշ Հակոբ Արշակյանը ստանձնեց Ռուբինյանի պաշտպանությունը եւ որպես նիստը վարող՝ արտահերթ ելույթ ունեցավ, իսկ Ռուբինյանը շարունակում էր տեղից արձագանքել «Հայաստան» դաշինքից հնչող ռեպլիկներին՝ անգամ չխուսափելով հանրության աչքում անհավասարակշիռ մարդու համբավ ձեռք բերելուց: Երբ նիստն ընդհատվեց, կողմերը սկսեցին հաշիվ մաքրել, բարեբախտաբար, բանը չհասավ ոտքերին ու ձեռքերին։

Խորհրդարանի միջանցքում այլ ՔՊ-ականներից փորձեցինք պարզել՝ իրենց հայտնի՞ է, թե այդ ինչ «կառուցողական», առավել եւս «դրական» քննարկում է եղել, առհասարակ՝ հնարավո՞ր է արդյոք հայ-թուրքական  հարաբերությունների կարգավորում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը Հայաստանը ոչնչացնելն է, եւ հրապարակային հայտարարություններում շարունակում են պնդել, որ Երեւանն էլ է իրենցը, Սեւանն ու Զանգեզուրն էլ։ Գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով Երեւան-Ստամբուլ թռիչքների վերականգնման նախաձեռնողներից է, ասաց, թե մամուլից է իմացել, որ կառուցողական հանդիպում է եղել։ Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ նա նշեց. «Ռիսկեր ցանկացած գործողության մեջ կա։ Այն հայերը, ովքեր ծնվել են Թուրքիայում եւ ապրում են այնտեղ տասնյակ սերունդներով, տնտեսապես իրենց շատ լավ են զգում։ Բացի դա, մեր սահմանից 200 կմ այն կողմ, Կարսի եւ այլ տարածքների բնակչության մեծ մասը շատ ծառայություններից օգտվելու է ՀՀ տարածքից։ Դրա համար ես մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ծառայություններին, որ ամենալավ սարքավորումները ձեռք բերեն, որոնք աշխատում են արհեստական ինտելեկտով, քանի որ հնարավոր է այդտեղի բնակիչները, կապ չունի՝ ազգությամբ թուրք են կամ այլ ազգի ներկայացուցիչ, կարող են օգտվել Գյումրիի կամ Երեւանի բժշկական ծառայություններից, մենք էլ օգտվելու ենք այն ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած։ Սա իմ գնահատականն է»։

Բայց ինչպե՞ս կարելի է մեզ սպանողների հետ հաշտ ապրել։ Նա հակադարձեց․ «Անգլիացիներն էլ ֆրանսիացիներին են սպանել, ֆրանսիացիները՝ անգլիացիներին, գերմանացիները` նրանց, հրեաների ցեղասպանություն էլ է եղել, բայց նրանք նույնպես Գերմանիայում հաշտ ապրում են։ Ես ուզում եմ այնպես լինի, որ մեր սերունդներն ունենան հզոր երկիր, բարեկեցիկ կյանք, տարածաշրջանում պետք է գիտակից լինենք, հարգենք մեր հարեւանների իրավունքները, նրանք էլ՝ մերը»։ Այսինքն, կարծում եք՝ հնարավո՞ր է «մեր հարեւան» Ադրբեջանի հետ կառուցել հարեւանական հարաբերություններ։ «Աշխարհի շատ երկրներ, որոնք հարեւաններ են, մեկը մյուսի համախառն ներքին արդյունքի մեջ բավականին մեծ ծավալ են ունենում։ Եթե ստացվի այնպես, որ մեր հարեւանների հետ ունենանք համախառն ներքին արդյունքի բարձր տոկոս, դրանք լավ գործիքներ կլինեն հարաբերությունները լավացնելու համար, մենք այդ թշնամությունը չենք փոխանցելու մեր զավակներին եւ սերունդներին։ Երբ փոխհրաձգություն է լինում, նրանց մոտ նույնպես զոհեր են լինում, պետք է քաղաքակիրթ լինենք, իհարկե, սահմանին լինելու են դեպքեր, բայց ունենք այն, ինչ ունենք»։ Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման համատեքստում Արցախի հարցի լուծմանը, Սուքիասյանը նշեց, որ այն տեսնում է ինքնորոշման սկզբունքի հիման վրա, եւ համեմատեց Կիպրոսի տարբերակի հետ։

Մոսկովյան հանդիպումից «շատ ինֆորմացիա» չուներ նաեւ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, ավելի ճիշտ՝ բացարձակ ինֆորմացիա չուներ։ Նա ընդամենը հույս հայտնեց, որ կկարողանան «խաղաղության պայմաններ հաստատել, որ սահմաններին էլ զինվորներ չզոհվեն»։

ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ բանագնացների հանդիպման մասին խմբակցությունում դեռ քննարկում չի եղել, նրանք տեղյակ չեն՝ հունվարի 14-ին Մոսկվայում ինչ են խոսել Ռուբինյանն ու Քըլըչը, սակայն նկատել են Ռուբինյանի վարքում փոփոխություն՝ նա ավելի նյարդային, նաեւ ավելի մեծամիտ է դարձել, որը 2 բացատրություն ունի: Նյարդային, որովհետեւ հասկանում է, որ դառնալու է Նիկոլ Փաշինյանի հակահայկական հերթական պրոյեկտի իրականացնողը, մեծամիտ, որովհետեւ հայտնվել է իշխանական «պերվի կռուգում», եւ մեծացել է շփումը վարչապետի հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝