Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Զանգվածային սպանություններն ԱՄՆ-ում տեղի են ունենում ռեփ-երաժշտության եւ տեսախաղերի պատճառով. տեխասցի կոնգրեսական

Տեխասցի կոնգրեսական Ռոնի Ջեքսոնը Տեխասի տարրական դպրոցում զանգվածային սպանությունների պատասխանատվությունը դրել է ռեփ-երաժտության եւ տեսախաղերի վրա։ Նա այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Fox News ալիքում։

«Ես նայում եմ հետ եւ մտածում ահավոր բաների մասին, որոնց նրանք բախվում են, երբ ռեփ-երաժշտություն են լսում, մտածում եմ տեսախաղերի մասին, որոնք նրանք խաղում են շատ վաղ տարիքից, այդ ողջ ահավոր բռնության ու այլ բաների մասին»,- ասել է նա։

Ջեքսոնի խոսքով՝ ինտերնետի մշտական հասանելիությունը երեխաների վրա բացասական ազդեցություն է ունենում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տեխասում հրաձգությունից հետո, որի ժամանակ զոհվել էր 21 մարդ, կոչ էր արել մարտահրավեր նետել զենքի լոբբիին։

Հրաձգությունը տեղի էր ունեցել Տեխասի Յուվալդե օկրուգի տարրական դպրոցում։ Նահանգապետ Գրեգ Էբոթի տվյալներով՝ ուսումնական հաստատությունում գտնվողների վրա կրակ էր բացել միջին դպրոցի 18-ամյա աշակերտ Սալվադոր Ռամոսը, որը դրանից առաջ սպանել էր տատին։ Գրոհի հետեւանքով տուժածների մեջ երկու ոստիկան կար, որոնք եկել էին պատահարի վայր։