Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը 

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը։ Կենսաբանություն եւ աշխարհագրություն՝ հուլիսի 4: Օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն)՝ հուլիսի 5: Հայոց լեզու եւ հայ գրականություն՝ հուլիսի 6: Մաթեմատիկա՝ հուլիսի 7: Հայոց պատմություն, ֆիզիկա՝ հուլիսի 8: Քիմիա, Ռուսերեն՝ հուլիսի 9:

Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երեւանում։

Նշենք, որ բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 26-ից եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 1-ը` ժամը 17:00-ն ներառյալ: Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաեւ հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։
Հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննությունները: Նրանք մասնակցելու են թափուր մնացած տեղերի մրցույթին։