«Հրապարակը» զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։
– Կարո՞ղ ենք պնդել, որ Թուրքիան այսօր Ռուսաստանի գլխավոր դաշնակից պետությունն է՝ գերտերությունների, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների շարքում։
– Թուրքիան Ռուսաստանին երբեք դաշնակից չի եղել եւ չի կարող լինել։ Նրանք լրիվ հակադիր ճամբարներում են գտնվում եւ հակադիր շահեր ունեն։ Պարզապես ամեն մեկը, ըստ իր աշխարհաքաղաքական շահերի, համագործակցում է մյուսի հետ։ Ընդամենը լոկալ շահեր եւ ժամանակավոր քաղաքական դիվիդենտներ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի բլոկի անդամ է, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հակառակորդն է, նրա դեմ պայքարողը, ուստիեւ դաշնակցության հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող։
– Բայց վերջին շրջանում Թուրքիան եւ Ռուսաստանը նկատելիորեն բարելավել են իրենց հարաբերությունները, ինչո՞վ է սա պայմանավորված։ Ինչո՞ւ է Թուրքիան այս պահին հրաժարվում ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակիցների պատժամիջոցներին միանալուց։
– Թուրքիան շատ պարզ պատճառով չի միանում, հենց իրենց նախագահի մամուլի խոսնակը շատ պարզ խոստովանեց, որ դա վնաս կտա ոչ թե Ռուսաստանին, եթե Թուրքիան պատժամիջոցներ սկսի կիրառել Ռուսաստանի դեմ, այլ հենց Թուրքիային։ Նա հայտարարեց, որ իրենք իրենց շահերն են առաջ տանում եւ չեն կարող իրենց երկրի շահերը զոհաբերել հանուն արեւմտյան գործընկերների։ Սա շատ նորմալ բացատրություն էր Թուրքիայի կողմից։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա մերձեցմանը, հարաբերությունների լավացմանը, դա 2016 թվականից սկսվեց եւ շարունակվում է մինչ օրս։ Ռուսաստանի գլխավոր նպատակն է՝ Թուրքիային հնարավորինս կտրել ՆԱՏՕ-ից, հրահրել ներքին հակասություններ, որպեսզի կարողանա թուլացնել ՆԱՏՕ-ի դիրքերը Մերձավոր Արեւելքում։ Քանի որ Թուրքիան տարածաշրջանում կարեւոր եւ մեծ ուժ է, եւ լինելով ՆԱՏՕ-ի հետ ամբողջովին համահունչ, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի սերտ համագործակցությունը վտանգում է հենց Ռուսաստանի անվտանգությանը։ Եվ Ռուսաստանին հաջողվեց ինչ-որ չափով մինչ այս վերջերս ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի միջեւ բավականին մեծ խնդիրներ ստեղծել՝ ընդհուպ մինչեւ իր դաշնակիցներն իր դեմ սկսեցին պատժամիջոցներ կիրառել։ Այսինքն՝ այս պարագայում խոսել դաշնակցության կամ դաշնակցային հարաբերությունների մասին, իրատեսական չէ։
– Խոսվում է այն մասին, որ Թուրքիայի նախագահի առողջական վիճակը բավականին ծանր է։ Հնարավո՞ր է որեւէ նոր նշանակում անեն, կամ փոխարինող գա, եւ փոխվի տարածաշրջանում վարվող քաղաքականությունը։
– Նման ասեկոսեներ շատ են լինում։ Մի քանի վիրահատություն տարել է, սակայն խոսել, որ ներկա պահին որեւէ մեկը կարող է փոխարինել, մի քիչ իրատեսական չէ։ Թեեւ մարդուն ամեն պահի կարող է ինչ-որ բան լինել։ Պնդել ու ասել, որ իր քաղաքական թիմում խոսում են Էրդողանին փոխելու մասին, սուտ կլինի։ Ինքն այս պահին Թուրքիայի իր կուսակցության մեջ անփոխարինելի գործիչ է։ Իր հեռացումով՝ դա կլինի մահ, թե կլինի առողջական խնդիրների պատճառով ստիպված պաշտոնը թողնել, ամբողջովին կփոխվի Թուրքիայի քաղաքական եւ ներքաղաքական օրակարգը։
– Ի՞նչ սպասել այդ դեպքում, Հայաստանի նկատմամբ Թուրքիան կփոխի՞ իր դիրքորոշումը։
– Կախված, թե ով կլինի իշխանության գլուխ։ Թեեւ՝ Թուրքիայից սպասել, որ ինչ-որ առաջնորդ գա, եւ Հայաստանին ուղղակի բարիքներ մատուցվեն, դա միամտություն է։ Ովքեր նման բան կմտածեն, դա քաղաքական ուղղակի անհասունության նշան կլինի։
– Ի՞նչ գնահատական կտաք այս պահին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։
– Հայկական կողմի ջանքերով թարմացվեց, այսինքն՝ ռեստարտ արվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը մինչ այժմ՝ սկսած 1990-ականներից, թափ էր հավաքում եւ մարում՝ տարբեր պատճառներով։ Այս պահի պատճառներից մեկն այն է, որ մի փոքր սառեց, ընթացքը դանդաղեց՝ առաջինն ուկրաինական ճգնաժամն է եւ երկրորդը՝ հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը։
– Ի՞նչ պահանջներ ունի Թուրքիան Հայաստանից, եւ ի՞նչ պահանջներ պետք է դնի Հայաստանը Թուրքիայի առաջ։ Արդյոք Թուրքիան պաշտոնապես կստիպի՞ Հայաստանին՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից։
– Ինչքան էլ որ չեմ ընդունում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի ուղղությամբ կատարվող քայլերը, սակայն նման բացատրություն կամ պարզաբանում ես չեմ լսել, որ պետք է հրաժարվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջից։ Թուրքիան, բնականաբար, այս պահին Հայաստանից պահանջում է Ադրբեջանի հետ Հայաստանի պայմանագրի որեւէ տեսակի ստորագրում, որպեսզի Ադրբեջանի հետ Հայաստանը որեւիցե խնդիր չունենա, նոր կշարունակվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Ուղղակի ամենասկզբից ի վեր հայկական կողմը չէր կարողանում ընկալել, որ Թուրքիան առանց Ադրբեջանի իշխանությունների «դաբրոյի», առանց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման չի գնալու լիարժեք հարաբերությունների կարգավորման։ Թեեւ միշտ շեշտել եմ՝ հարաբերությունների կարգավորումը բխում է առաջին հերթին հենց Թուրքիայի շահերից, դա Թուրքիային է պետք, դա Ադրբեջանին է պետք։ Թուրքիան կունենա մեծ ազդեցություն Հայաստանի վրա։ Ի վերջո, եթե Հայաստանը ոչինչ էլ չանի, կգա մի պահ, որ Թուրքիան առանց Հայաստանի խնդրելու, որին հիմա մենք ականատես ենք լինում՝ Հայաստանը խնդրում է, Թուրքիան ինքը կբացի սահմանները։ Քանի որ Հայաստանում խնդրում են, իսկ եթե քեզնից ինչ-որ բան խնդրում են, դու փորձում ես դրա դիմաց ստանալ առավելագույնը, եւ առավելագույնը կլինի՝ պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչման այդ պայքարից հրաժարվելը, ճանաչել Կարսի պայմանագիրը, որն իրականում միջազգային հանրության կողմից ճանաչված չէ։ Այսինքն՝ պահանջներ շատ կան, որ Թուրքիան կարող է Հայաստանին պարտադրել։