Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ժամկետայիններն այլեւս դիրք չե՞ն պահի

Զորակոչիկների հետ կապված իրականացվում է վիճակահանություն։ Վիճակահանության պրոցեսը հեռարձակվելու է, զորակոչիների ծնողները հնարավորություն են ունենալու հետևել ողջ պրոցեսին։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը։

«Ռազմական ղեկավարության կողմից որոշում է կայացվել, որ Արցախում այս պահի դրությամբ ծառայություն է իրականացվում պայմանագրայինների միջոցներով։ Մինչև օգոստոսի 30-ը այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ։ Պայմանագրային զինծառայողներով պետք է համալրվի Արցախի Պաշտպանության բանակի թափուր հաստիքները։ Այո, քանակը զինծառայողների բավարարում է։ Նպատակն այն է, որ ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանենք։ Մենք ունենք այդպիսի փորձ նաև Հայաստանում, խոսքը երրորդ բանակային կորպուսի զորամասերից մեկի մասին է, բայց անուն չտամ։ Այս նպատակների մասին, որ խոսում եմ, այս պահի դրությամբ դեռևս միայն ՊԲ-ի մասին է»,- նշեց նա։

Լրագրողների դիտարկումներին, թե ՀՀ դիրքերի մասով ինչ որոշում են կայացնելու, նա արձագանքեց․ «Այո, ես ասացի, որ խոսքը Արցախի մասին է, բայց առհասարակ ձգտում ենք, որ հնարավորության սահմաններում ժամկետայիններով մարտական հերթապահություն չիրականացնենք։ Երրորդ բանակային կորպուսում ծառայության մեջ գտնվող ժամկետայինների 90 տոկոսը մարտական հերթապահությունների մեջ չեն ընդգրկվում, օրինակը հենց դրա համար բերեցի։ Աշխատելու ենք բոլոր զորամիավորումներում այս փորձը կիրառել»։