Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Հարուստի տղաները պիտի չծառայեն, հիվանդություն ունեցողները պիտի ծառայե՞ն․ հարց՝ Դանիել Մկրտչյանին

Զորակոչիկները բազմաթիվ հետազոտություններ են անցում  մինչ այն պահը, երբ որոշում են՝ արդյոք տվյալ անձը առողջական խնդիր չունի և կարող է գնալ պարտադիր ժամկետային ծառայության, թե ոչ։ Այս մասին խոսելով մեկնարկած զորակոչի մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հանրապետական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ, բժշկական ծառայության գնդապետ Դանիել Մկրտչյանը։

«Մեզ մոտ պարտադիր ժամկետային ծառայության տարիքի տղաները սկզբում կրծքավանդակի ֆլուրոգրաֆիա են անցնում` սուր պաթոլոգիաները հայտնաբերելու համար։ Հաջորդիվ իրականացվում է ջերմաչափում, մարմնի, բերանի խոռոչի զննություն։ Իրականացնում ենք պատվաստումների ուսումնասիրություն, քանի որ իրենց տարածքային պոլիկլինիկաներում 6 պատվաստում են անցնում 9 ինֆեկցիայի դեմ։ Այս զորակոչի ընթացքում ակնհայտ և տեսանելի պաթոլոգիաների չեն հայտնաբերվել, ինչի դեպքում անհրաժեշտ լինի ազատել պարտադիր ժամկետային ծառայությունից»,- նշեց Մկրտչյանը։

Լրագրողների դիտարկումներին, թե կարող է ստացվել այնպես, որ հարուստի որդիները ունեցած հնարավորությունների միջոցով ազատվեն մարտական հերթապահությունից կամ առհասարակ ծառայությունից, իսկ հիվանդություններ ունեցողները մեկնեն ծառայության ու դիրք պահեն, Մկրտչյանը արձագանքեց․ «Ես միանշանակ բացառում եմ նման դեպքերը։

Իրականում զորակոչվում են և սրտի ռիթմի խանգարումներով տղաներ, եւ տեսողության որոշակի աստիճանի խնդիրներով տղաներ, որոնք ըստ կառավարությանն որոշման պիտանի են ծառայության համար՝ սահմանափակումով: Ինքը պետք է զորակոչվի զինծառայության՝ իր հիվանդություններով հանդերձ: Այո, դա այպես է, բայց արդեն ասացի, որ այդ զինվորները ծառայում են սահմանափակումներով»։