Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Երևանում բախվել են Nissan Tiida-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ, բախվել են Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան ու մոտոցիկլը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է Nissan-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի  © shamshyan.com