Հունիսի 19-ին Ապարանի մոտակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ոստիկանությունը մի քանի օր շարունակ ուժեղացված ծառայություն էր իրականացնում Ապարանում, այսպես ասած, կանխելու համար վենդետան։ Երեկ՝ հունիսի 28-ին, ոստիկանությունը շարունակում էր ուժեղացված ծառայություն իրականացնել Ապարանում։ Փորձեցինք հասկանալ, կա՞ արդյոք լարվածություն, որի համար էլ ոստիկանության հատուկ ստորաբաժանումը Ապարանում է գտնվում, ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ փորձենք պարզել Քննչական կոմիտեից, քանի որ գործը քննվում է այնտեղ։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը մեզ հետ զրույցում զարմացավ, ասելով․ «Ի՞նչ իմանամ, ոստիկանները թող իմանան, ոստիկանները ուժեղացրել են, ես պետք է իմանա՞մ»։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին, մահացած երիտասարդների հարազատները հավաքվել էին Ապարանի կենտրոնական հրապարակում և պահանջում էին իշխանություններից, որ օբյեկտիվ և անաչառ քննություն իրականացվի։ Հարազատներից մեկը պնդում էր, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին ներկա են եղել միջադեպին։ Եւ պահանջում էին, որ անաչառ քննություն կատարվի, իսկ մինչ այդ Փարվանյանի հարազատները հեռանան Ապարանից։
Հիշեցնենք նաև, Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ 32–ամյա քաղաքացին եղբոր հետ հունիսի 18–ին, երեկոյան՝ 22:30-ի սահմանում Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Infinity» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել մեքենան ու կանգնեցրել այն, ապա մոտեցել են վարորդին, վիճել նրա հետ: Միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Վիճաբանությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը նա եղբոր եւ մի քանի անձանց հետ նորից գնացել են Ապարան, որտեղ գտնվող գազալցակայանի տարածքում հանդիպել են նախօրդ օրը իրենց վեճին միջամտած անձանցից մեկին եւ ծեծի ենթարկել նրան:
Ավելի ուշ՝ երեկոյան, վիճաբանությունը շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցի հարակից տարածքում՝ որի ընթացքում էլ 32-ամյա տղամարդը իր մոտ եղած հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճող անձանց ուղղությամբ: Հրազենային վնասվածքներով Ապարանի բուժկենտրոն տեղափոխված Ապարան քաղաքի երկու բնակիչները մահացել են, իսկ հինգ անձ տեղափոխվել է Երեւանի բժշկական կենտրոններ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ եղբայրները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հարազատները եւ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել էր նրանից, որ ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, կան տեղեկություններ, որ նրանք կրակել են ոչ թե որսորդական հրացանից, ինչպես պնդում է ոստիկանությունը, այլ «Կալաշինիկով» տիպի ինքնաձիգից։