Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Երևանում բացվեց բարեգործական ատամնաբուժարան, որի նպատակն է՝ անվճար ծառայություն մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած, վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին

Երեկ՝ հունիսի 29-ին, Երևանում, Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի շենքի մի հատվածում բացվեց ևս մի բարեգործական բուժհիմնարկ, որի նպատակն է օգնության ձեռք մեկնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին, պատերազմի մասնակիցներին և վիրավորում ստացածներին մատուցել ստոմատոգիական ծառայություններ՝ թերապևտիկ, օրթոպետիկ, վիրաբուժական»։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս մարդասիրական նախաձեռնության հեղինակներն են «Access to Care» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Գրիգորյանը և  կազմակերպության հիմնադիրներ, մեր հայրենակիցները՝ Միացյալ Նահանգներից. Արություն Սարյանը՝ իր որդիների՝ Խաչատուրի և Դավիթի հետ: Հանդիսավոր բացմանը ներկա էին և իրենց ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱՄՆ փոխդեսպան Չիպ Լեյտինենը, հիմնադիրները՝ Հասմիկ Գրիգորյանն ու դոկտոր Արություն Սարյանը, ԱՄՆ-ի հայ ինժեներների և գիտնականների ասոցիացիայի նախկին նախագահ Ջոն Շիռաջյանը, Մարինա Իսունցը, ով համագործակցում է դոկտոր Ա. Սարյանի հետ, ակադեմիկոս Սերգեյ Մովսիսյանը՝ Ռուսաստանից և 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներ: Արարողությանը իր օրհնությունն էր բերել Ղալթախչիի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վաղարշը:

Ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիպ Լեյտինենին և դոկտոր Ա. Սարյանին: *** Բարերար Արություն Սարոյանը ծնվել և մեծացել է Երևանում, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն: 1984-ին ավարտել է Կրասնոդարի պետական բժշկական համալսարանը, ապա 4 տարի հետո տեղափոխվել Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելես: 1991 թ-ին ստացել է ստոմատոլոգիական պրակտիկայի ամբողջական արտոնագիր: Նրա որդիները՝ Խաչատուրը, Բերքլիի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, իսկ Դավիթը՝ Լոս Անջելեսի համալսարանում:

Այսօր երկուսն էլ արժանացել են մագիստրոսի աստիճանի՝ USC Dental School համալսարանում: Նախքան ստոմոտոլոգիայի բնագավառում կարիերան սկսելը, երկուսն էլ դոկտոր Ղարաբետյանի միսիոներական խմբի հետ ժամանել էին Հայաստան: Հետագայում USB ստոմատոլոգիական կլինիկայում աշխատել են որպես ատամնաբույժի կամավոր օգնական: USB ստոմատոլոգիական դպրոցում սովորելու ընթացքում ատամնաբուժական առաքելություն են կատարել Ֆիլիպիններում և Բելիզում: 20 տարուց ավելի է, Գլենդելում գործում է «Սարյան դենտալ» կլինիկան, որը ունի իր մշտական և հավատարիմ հաճախորդները։

Իսկ վերջերս էլ Տահանգա քաղաքում բացվել է կլինիկան: «Access to Care» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Գրիգորյանը մասնագիտությամբ ատամնաբույժ է: Շուրջ 30 տարի աշխատում է բժշկության բնագավառում։ 2012-2016 թթ. բարեգործության ղեկավարել է բարեգործական ստոմատոլոգիական կաբինետ մանկատունը, ստոմատոլոգիական ծառայություններ մատուցել մանկատան երեխաներին և առաջին Արցախյան պատերազմում հաշմանդամություն ստացած զինծառայողների երեխաներին: Եվ այսօր նա, հավատարիմ մնալով իր գործին, շարունակում է իր առաքելությունը։ «Access to Care» կլինիկան, դեռ մինչև բացվելը, արդեն սկսել էր սպասարկել մոտ 40 շահառուի: Բացման արարողությունը գեղեցկացրեց կանանց լարային քառյակը, իսկ միջոցառումը վարում էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Կարեն Քոչարյանը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  © shamshyan.com