Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Որդիս sms է գրել, թե մամ ջան, հողերը ծախել են, տղերքի կյանքն էլ հետը․ զոհվածի ծնող

Թեկուզ փորձում են համոզել, թե խաղաղ պայմաններ են, բայց մենք տեսնում ենք, որ կրկին զոհեր ենք ունենում։ Ես ծանր վշտի մեջ եմ, բայց նույիսկ դրանով հանդերձ պայքարում եմ, որովհետև կորցնում ենք մեր երկիրը։ Հայրենիքը ծախում են, վաճառում են, նվեր են տալիս։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մոտ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կամավորական Արման Օհանջանյանի մայրը։

«Մենք կրկին եկել ենք այստեղ ասելու, որ ցանկանում ենք, որ մեր գործը տեղափոխվի ԱԱԾ, որովհետև,ոնց հասկանում ենք , ոչինչ չեն անում։ Թող չմտածեն, թե մեզ սենց տանելով, սենց բերելով, հոգնեցնելու են։ Մենք չենք հոգնելու պայքարից, որովհետև մենք երեխա ենք կորցրել, երեխա ենք տվել հանուն հայրենիքի։ Եթե պատերազմը ավարտվեր հաղթանակով, ես դուր չէի գա փողոց, կմտածեի՝ այո, որդիս զոհվեց հանուն հայրենիք, հաղթանակի։ Տղես կամավորական էր, 23 տարեկան էր, ինքը գիտակցաբար էր գնացել, ոչ մեկ նրան չէր կարող հետ պահել։ Ամսի 15-ին նա ինձ sms-ով գրել է, որ հողերը ծախել են, իր նման տղաների կյանքն էլ հետը։ Հիմա մեկնաբանություններում կարող են գրել, թե բա ուր է փաստը։ Ուրեմն սիրելի հայ ազգ, ես այդ գրած նամակը ունեմ, դա փաստ է, սա ասում եմ բոլորի համար»,- նշեց նա։