Լուրեր Արմավիրից և Աշխարհից

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 1-ին, Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2 -ի վերաբերյալ քննարկում, որի ընթացքում ձևավորվեց նախաձեռնող խումբ։ Խմբի կազմը գլխավորում էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, նախաձեռնող խմբին անդամակցեցին համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքի ավագանու անդամներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ակտիվ երիտասարդներ և այլ շահառուներ։
Մինչ հանդիպումը համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչների շրջանում իրականացվել էր գաղափարների հավաքագրում, որոնք ամփոփվեցին քննարկման ժամանակ։ Նախաձեռնող խմբի անդամները հանդես եկան առաջարկներով, որոնց արդյունքում առաջնահերթ խնդիր համարվեց համայնքի աղբահանության կազմակերպումը, ինչպես նաև համայնքի սանիտարական պահպանումն ապահովող տեխնիկայի բացակայությունը։
Նախաձեռնող խումբը որոշեց դիմել Տարածքային զարգացման հիմնադրամին այս առաջնահերթ խնդիրը լուծելու համար։