Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Շոտլանդացիները ստիպված են եղել շտապ փրկել ձկներին ծառերի օգնությամբ

Հազարավոր նոր ծառեր են տնկվել Շոտլանդիայի հեռավոր գետերի շուրջ, քանի որ երկրի բնակիչներն օգտագործում են բույսերը կլիմայական փոփոխություններից վտանգի տակ գտնվող ձկներին փրկելու համար, հայտնում է The Guardian-ը։

Ատլանտյան սաղմոնների համար բարձր ջերմաստիճանը հարմար չէ, ինչը նրանց անհետացման վտանգի տակ է դնում։ Սաղմոնը նախընտրում է տասը աստիճանից մի փոքր բարձր ջերմաստիճան եւ չի գոյատեւում, երբ ջուրը տաքանում է 30 աստիճանից ավելի:

Հետազոտողները պարզել են, որ երկրի գետերի միայն 35 տոկոսն է շրջապատված բավարար քանակությամբ ծառերով, որպեսզի ջուրը չտաքանա: Աբերդինշիրի ձկնորսները հրատապ միջոցներ են ձեռնարկել ձկներին պաշտպանելու համար: Նրանք պետք է տնկեին 250 000 տնկիներ սաղմոնով ամենահարուստ գետերից մեկի գլխավոր վտակների երկայնքով, որը կոչվում է Դի։ Ակտիվիստները չեն պատրաստվում դրանով կանգ առնել եւ մինչեւ 2035 թվականը նախատեսում են տնկել մոտ մեկ միլիոն ծառ։

1957 թվականից մինչեւ 2021 թվականը Շոտլանդիայում որսված սաղմոնի քանակը նվազել է 80 տոկոսով։

Որոշ վայրերում գետերը պարիսպներով են շրջապատված՝ ձկներին գիշատիչներից պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, Շոտլանդիայի ձկնորսության կազմակերպության գործընկեր Ալան Ուելսը պնդում է, որ կառավարությունը չափազանց դանդաղ է գործում եւ չի կարող հետեւել կլիմայի փոփոխության տեմպերին: