Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 11.00-ին

Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսվում է Մոսկվայի ժամանակով ժամը 11.00-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են բանակցությունների կազմակերպիչները։

Թուրքիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մեւլութ Չավուշօղլուի, Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի բանակցությունները նախատեսվում են հինգշաբթի օրը, Անթալիայում։ Սա ՌԴ եւ Ուկրաինայի ԱԳ ղեկավարների առաջին հանդիպումն է  Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց հետո։

Չավուշօղլուն Կուլեբայի հետ բանակցել է Լավրովի հետ եռակողմ հանդիպումից առաջ։

«Ակնկալվում է, որ Ռուսաստան-Թուրքիա-Ուկրաինա արտաքին գործերի նախարարների հանդիպումը կսկսվի ժամը 11.00-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ)։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիս կտա ռուսաստանյան պատվիրակության համար հատկացված սրահում՝ հանդիպումից հետո»,- տեղեկացրել են կազմակերպիչները։

Ինչպես տեղեկացրել է թղթակիցը, թուրքական կողմն ուժեղացրել է անվտանգության միջոցները հանդիպումից առաջ։ Ակնկալվում է, որ այն տեղի կունենա Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում։

Սպասվում է, որ հանդիպումից անմիջապես հետո Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան  առանձին մամուլի ասուլիս կհրավիրի։

Լրագրողների երկար հերթ է գոյացել Լովրովի եւ Կուլեբայի հանդիպումը լուսաբանելու համար։

Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ ղեկավարները կհանդիպեն Բելառուսում ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունների՝ Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին հակամարտությունից դուրս գալու ուղիների որոնմանն ուղղված բանակցությունների երեք փուլերից հետո։

Առայժմ Ռուսաստանին եւ Ուկրաինային հաջողվել է պայմանավորվել մի շարք քաղաքներից քաղաքացիների դուրս գալու մարդասիրական միջանցքների, պարենամթերքի եւ դեղորայքի առաքման կազմակերպման մասին լռության ռեժիմի հայտարարումից հետո, բայց մարդասիրական միջանցքները լիարժեք չեն գործել։

Մինչեւ Լավրովի եւ Կուլեբայի բանակցություններն սկսվելը՝ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիեւը պատրաստվելու է բանակցությունների նոր փուլին՝ խաղաղության հասնելու համար։

Հիշեցնենք, որ Անթալիայում արդեն մեկնարկել է Սերգեյ Լավրովի եւ Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումը։