Լուրեր Արմավիրից և Աշխարհից

ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել ՀՀ-ին. Լիլա Փիթրս Յահիան՝ Տիգրան Խաչատրյանին

Այսօր՝ մարտի 11-ին, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տիկին Լիլա Փիթրս Յահիայի գլխավորած պատվիրակությանը:

Ֆինանսների նախարարությունից  հայտնում են, որ Տիգրան Խաչատրյանը ՄԱԿ համակարգողին է ներկայացրել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների համատեքստում հայաստանյան տնտեսության վրա ունեցած ազդեցությունը: Նախարարն իր խոսքում  կարեւորել եւ բարձր է գնահատել  ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական սերտ համագործակցությունը` Հայաստանում տնտեսության ամրապնդման, ինչպես նաեւ կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ:

Տիկին Փիթրս Յահիան իր հերթին եւս ընդգծել է՝ Հայաստանը ոչ միայն Միավորված ազգերի ընտանիքի մաս է, այլեւ շատ ակտիվ անդամ: Նրա փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը պատրաստ է իր հետագա հակաճգնաժամային աջակցությունը տրամադրել Հայաստանին՝ ստեղծված  տնտեսական նոր իրավիճակին դիմակայելու համար: