Հայաստանում արտադրվող բերքի 1/3-ը կորում է, չկա նորմալ մեքենայացում, չկան ժամանակակից կոմբինատորներ, որոնք առանց մնացորդի կհավաքեին բերքը, չկան նորմալ փոխադրման ու պահպանման պայմաններ։ Այս մասին մարտի 17-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Ավետիսյանը։ Բերքահավաքի ողջ շրջանը, ըստ նրա, կաղում է, եւ դրա հետ էլ կապված են հսկայական կորուստները:
Նա քննադատեց Կառավարության ծրագրերը՝ կոչ անելով վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը եւ բարձրացնել որոշումների կատարման արդյունավետությունը։ «Չգիտեմ, թե ինչ է փչել իշխանությունների մտքին, որոնք, չակերտավոր ասած, միավորեցին գյուղնախարարությունն էկոնոմիկայի նախարարության հետ։ ՀՀ բնակչության 31 տոկոսն ապրում է գյուղերում եւ գյուղատնտեսությամբ է զբաղվում՝ չհաշված վերամշակող արդյունաբերության ոլորտում աշխատողներին»,- եզրափակեց Ավետիսյանը։