Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը խուսափել է ուղիղ պատասխան տալ այն հարցին, թե ով է զբաղվում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին հնչող վիրավորանքների բացահայտմամբ։
Մարտի 18-ի մամուլի ասուլիսում լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչպես է ընթանում Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին ենթադրվող վիրավորանքների բացահայտումը. Փաշինյանն ի՞նքն է ստուգում ԶԼՄ-ներն ու սոցցանցերը, թե՞ դրանով զբաղվում է ինչ-որ ծառայություն կամ ոստիկանության վարչություն։
Ի պատասխան՝ Ֆիդանյանը տեղեկացրել է, որ 2021թ. Քր.օր. 137.1 հոդվածով՝ ծանր վիրավորանք, բացահայտվել է 268 դեպք։ 17 գործ հանձնվել է դատարաններ, 134-ը դադարեցվել է, 16-ը՝ կարճվել, 101-ը վարույթում է։ 20 դեպք կապված է հանրային գործունեության հետ։ 2022թ. բացահայտվել է 240 դեպք, 4 գործ ուղարկվել է դատարաններ, 83-ը դադարեցվել է, 5-ը՝ կարճվել, 148-ը վարույթում է։ 64 դեպք կապված է հանրային գործունեության հետ։ Այնուհետեւ Ֆիդանյանը պարզաբանել է հանցագործությունների փաստին արձագանքելու արարողակարգը ոչ միայն այդ հոդվածով՝ կամ հանցագործության օբյեկտը հայտարարություն է տալիս, կամ ոստիկանությունն ուսումնասիրում է հնարավոր միջոցները, ԶԼՄ-ներն՝ այդ թվում, որոնցով տեղեկությունը կարող է հասանելի լինել։