Ռուսաստանցիները Թուրքիայում փորձում են ավանդներ եւ փոխանցումներ կատարել բանկերում, որոնք զգուշավոր ու թերահավատ մոտեցում են ցուցաբերում՝ զգուշանալով խախտել արեւմտյան պատժամիջոցները Մոսկվայի դեմ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Մասնավոր վարկատուներն առանձնապես ընդդիմանում են որոշ հաճախորդների եւ նրանց գործարքներն ավելի մանրակրկիտ ստուգման են ենթարկում, որպեսզի համոզվեն, որ պահպանվում է միջազգային եւ ներքին օրենսդրությունը, Reuters-ին տեղեկացրել են չորս բանկի կառավարիչ եւ թուրք երկու պաշտոնյա։
Այս ամենն անհանգստացնում է ռուսաստանցիներին, որոնք Թուրքիա են եկել ուկրաինական ճգնաժամի խորացումից հետո, ընդ որում՝ նրանցից շատերը փաթեթներով կանխիկ դրամ ունեն։
Համենայն դեպս, վեց ռուսաստանցի Ստամբուլում հայտարարել է, որ իրենց համար դժվար է հիմնական բանկային գործարքներ կատարել, մասամբ այն պատճառով, որ Visa-ն եւ Mastercard-ը դադարեցրել են գործարքների կատարումը ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանակում։
Շատ ռուսաստանցիներ, կեցության վճարների իրականացման համար շրջանցող ուղիներ որոնելիս, փորձում են հաշիվներ բացել եւ միջոցներ դնել տեղի բանկերում՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան լավ կապեր ունի Մոսկվայի հետ եւ դեմ է պատժամիջոցներին։
«Մասնավոր բանկերը հատկապես զգուշավոր են ռուսական նոր ավանդների հարցում եւ վախենում են պատժամիջոցներից»,- ասել է թուրքական մի բանկի կառավարիչ՝ չցանկանալով նշել անունը։ Նա ավելացրել է, որ հաճախորդի անձի ստուգման ճյուղային չափորոշիչը՝ «ճանաչիր հաճախորդիդ», վճռական նշանակություն ունի։ «Խնդիրը հաշիվը բացելը չէ, այլ այն, թե ինչպես կգան փողերը, եւ ինչ կլինի ինչ-որ պատժամիջոցներ մտցնելուց հետո։ Բանկերը շատ զգույշ են նոր հաշիվների հարցում»։
Կենտրոնական բանկը հայտարարել է, որ իշխանությունները եւ ֆինանսական հաստատությունները ուշադիր հետեւում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Բայց «մեր կազմակերպությունը որեւէ հրահանգ չունի պատժամիջոցների տակ չընկնող որեւէ երկրի քաղաքացու սահմանափակման վերաբերյալ»,- նշվել է ԿԲ-ի հաղորդագրությունում։