ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացնում Սյունիքի մարզպետարանի շենքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` խորհրդակցությանը մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Կապանում անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալներն ու պաշտոնատար այլ անձինք: Ներկա է նաև 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղեւորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։
Փաշինյանը երեկ գիշերով այցելել էր Շուռնուխ համայնք։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանին բնակիչները ընդունել են վրդովված եւ սառը։
Իսկ արդեն այսօր Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով եւ բողոքի ակցիաներով են դիմավորել Ագարակում, Մեղրիում, նաեւ Կապանում:
Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի եւ Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։