Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Հայաստանի հանրապետությունում սահմանադրությունը դադարե՞լ է գործել

Երեկվա դեպքերից հետո շատ ակտուալ է դարձել Քրեական օրենսգրքի խուլիգանություն՝ 258-րդ հոդվածը։ Բանն այն է, որ սյունեցիների վրդովմունքն՝ ուղղված Արցախը հանձնած եւ Սյունիքի անվտանգությունը խաթարած վարչապետին իշխանությունը մեկնաբանում է որպես խուլիգանություն եւ պատրաստվում է մեղադրանքներ առաջադրել, եթե հաջողվի՝ նաեւ դատապարտել քաղաքական դիրքորոշում դրսեւորող անձանց։ Նախ, մեջբերենք Քրեական օրենսգրքից 258 հոդվածը․

«1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,
5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով»:
Ակնհայտ է, որ այս պարագայում բացակայում է «հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով», իսկ եթե անգամ կարող են նման պնդում անել, ապա դրա առավելագույն պատիժը մեկամսյա կալանքն է։ Կարող ենք ենթադրել, որ ապօրինությունների գնացող իշխանությունն ու նրա իրավապահները կփորձեն հոդվածի մյուս կետերը դնել սյունեցիների վրա, որպեսզի կարողանան կալանքի սանկցիաներ կորզել դատարաններից։ Եւ դրա համար կհայտարարեն, որ «խուլիգանությունը․․․զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով» կամ «բացառիկ ցինիզմով»։ Իշխանական պատժիչ մեքենայի «ցինիզմը» կբավարարի, որ օրենքը ոտնահարեն՝ իրենց քննադատողներին բռնելու, պատժելու համար։

Բայց նման քայլի գնացող իրավապահներին խորհուրդ կտայինք ընթերցել նաեւ 2005 թվականի ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի թիվ 71 որոշումը՝ «Խուլիգանությունը հոդվածի կիրառման վերաբերյալ»։ Ինչ են գրել այդ որոշման մեջ դատարանների նախագահները։ Նախ այն, որ․ «Դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ նշված հոդվածը մեկնաբանվում է տարաբնույթ ձևով: Շատ դատարաններ պատշաճ պահանջկոտություն չեն ցուցաբերում խուլիգանության գործերով հետաքննության և նախաքննության որակի նկատմամբ, ինչը հանգեցնում է չհիմնավորված դատավճիռների կայացման»:
Եւ մի քանի խորհուրդներ-հրահանգներ են տվել իրավապահներին՝ Խուլիգանություն հոդվածով քննության հետ կապված։

«Դատական քննության ընթացքում անհրաժեշտ է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն ուսումնասիրել մեղադրանքի յուրաքանչյուր դրվագը: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով` խուլիգանական գործողությունների որակման դեպքում, որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ որոշման մեջ, մեղադրական եզրակացությունում և դատավճռում պարտադիր կերպով պետք է արտացոլված լինի, թե մեղադրյալի գործողությունները օբյեկտիվ կողմի հատկապես որ հատկանիշներով է ճանաչվել որպես խուլիգանություն․․․

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով` մեղադրյալի գործողությունները բացառիկ ցինիզմի առկայության հատկանիշով որակելիս, դատավճռում պարտադիր պետք է նշվի, թե մեղադրյալի կոնկրետ ո՞ր արարքն է դատարանը համարում բացառիկ ցինիզմի դրսևորմամբ կատարված․․․անհրաժեշտ է գնահատել գործի կոնկրետ հանգամանքները` դրանց համակցության մեջ, հաշվի առնելով հանցագործությունների կատարման բնույթը, տեղը և պայմանները:
Բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կարող են ճանաչվել բռնությամբ ուղեկցված այն խուլիգանական գործողությունները, որոնք արտահայտվել են բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերի նկատմամբ դրսևորած ցուցադրական արհամարհանքով, անամոթ, անպարկեշտ վարքագիծ հանդես բերելով, ինչպես օրինակ` հասարակության առջև բնական կարիքները հոգալը, սեքսուալ բնույթի գործողությունների կատարումը, սեռական հարաբերություններ ունենալը, անպարկեշտ ձևով քաղաքացիներին հետապնդելը, հիվանդների, ծերերի, անօգնական վիճակում գտնվող անձանց նկատմամբ ծաղրը և այլն…ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), պետք է որակել այն խուլիգանական գործողությունները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից… Խուլիգանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը կատարելու մասին: Խուլիգանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես` մինչև հանցագործությունը սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

Խուլիգանությունը պետք է համարել կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցագործություններ կատարելու համար:

Հաշվի առնելով, որ խուլիգանական գործողությունները հաճախ կատարվում են ալկոհոլի, թմրանյութի կամ այլ թմրեցնող նյութերի ազդեցության տակ, դատարանները յուրաքանչյուր նման դեպքում հանցանքը նշված վիճակում կատարելը պետք է ծանրացնող հանգամանք համարեն միայն այն դեպքում, երբ ալկոհոլի, թմրամիջոցի կամ այլ թմրեցնող նյութի ազդեցությունը հանդիսացել է հանցանքը կատարելուն նպաստող պայման»:

Այսինքն, որ կողմից մոտենում ես՝ Սյունիքում կատարվածը հնարավոր չէ խուլիգանություն համարել եւ մարդկանց մեղադրանքներ առաջադրել։ Դրանք պարզ բողոքի ակցիաներ էին՝ ուղղված ՀՀ քաղաքացիների դժգոհությունն առաջացրած, հույսերը չարդարացրած, կապիտուլյացիոն ակտը թաքուն ստորագրած իշխանություններին։ Նման ակցիաներ իրականացվում են աշխարհի հազարավոր երկրներում՝ որտեղ բռնապետական ռեժիմ չի գործում։ Եթե Հայաստանում դեռ շարունակում է գործել ՀՀ Սահմանադրությունը եւ մարդիկ կարծիքի, տեսակետների ազատ արտահայտման, ակցիաներ անելու իրավունք ունեն, ուրեմն, պետք է ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին եւ այլեւս երբեք ակցիա անող մարդկանց ոստիկանություն չտանել։

Ավելին սկզբաղբյուր կայքում