Իսրայելի արտգործնախարարությունը շաբաթ հայտարարել է, որ ընդունում է «հայ ժողովրդի սարսափելի տառապանքներն ու ողգբերգությունը», սակայն զերծ է մնացել Օսմանյան կայսրության տարածքում 20-րդ դարասկզբին տեղի ունեցած կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելուց: Այս մասին գրում է Times of Israel-ը՝ մեջբերելով գերատեսչության հայտարարությունը:
«Այս օրերին, մասնավորապես, մենք և աշխարհի տարբեր երկրներ պատասխանատու ենք՝ վստահանալու, որ նման իրադարձություններ այլևս չեն կրկնվի»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը՝ նշելով որ «դա կարևոր բարոյական քայլ էր Բայդենի կողմից»:
«Ես կշարունակեմ պայքարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, դա մեր բարոյական պատասխանատվությունն է որպես հրեական պետություն»,- ասել է գործիչը:
Հիշեցնենք, որ նախօրեին Յաիր Լապիդը Կնեսետին օրինագիծ էր ներկայացրել՝ կոչ անելով պաշտոնապես ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: