Երևանի-Էջմիածին ավտոճանապարհի մի հատվածը շինարարական աշխատանքների պատճառով փակված է: Էջմիածնից Երևան եկող ավտոմեքենաները ստիպված են լինում նշյալ հատվածն անցնել հանդիպակաց գծով, ինչը արդեն մի քանի վթարի պատճառ է դարձել: Վթարներից առնվազն մեկի արդյունքում կա զոհ:
Analitik.am-ին ահազանգած քաղաքացին նշել է, որ որևէ նշան չկա, որը Երևանից Էջմիածին գնացող ավտոմեքենայի վարորդին տեղյակ կպահի դեմ դիմաց ընթացող ավտոմեքենայի մասին: Մեր զրուցակիցն ասաց, որ ասֆալտի վրա ինչ-որ գծանշումներ եղել են, որոնք արդեն լավ տեսանելի չեն: Դրանք առհասարակ տեսանելի չեն լինում գիշերային ժամերին, ինչի արդյունքում վթարից խուսափել չի լինում:
Կեսօրվա ժամերին վթարներից հնարավոր է լինում խուսափել, հիմնականում ինտենսիվ երթևեկության շնորհիվ, իսկ ահա գիշերային ժամերին, ցավոք դժբախտ դեպքերից խուսափել չի լինում:
Նշենք, որ խոսքը վերաբերում է Փարաքար-Երևանյան խճուղու-Գեներալ Գասպարյան փողոցի հատման հատվածին:
Քաղաքացու խոսքերով, ճիշտ կլինի, եթե օրինակ այդ հատվածում լույսեր դրվեն, որպեսզի գիշերային ժամերին վարորդները տեղեկացվեն հանդիպակաց սլացող ավտոմեքենաների մասին: