Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Սյունիքի հայհոյանքներն ուղղված էին ոստիկաններին. Հովիկ Աղազարյան

Սյունիքում կան մարդիկ, ովքեր իրենց բողոքը հայտնում են անկեղծ մղումներով, ոչ թե ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդելով և Սյունիքի դեպքերի ժամանակ շատերը կային, որ իսկապես եկել էին և ուզում էին մասնակցել, ինչու ոչ նաև իրենց դժգոհությունը արտահայտել, բայց իրենց դժգոհությունը հայտնում էին հայացքով, լռելյայն կեցվածքով:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

«Օրինակ՝ տեսնում ենք, որ փողոցում 2-3 խուժան իրենց պահում են քաղաքական մարդուն շատ անհարիր կեցվածքով, և այնտեղ կան իրավապահներ, որոնք կլուծեն խնդիրները: Այն հայհոյանքները, որոնք տեղում էին իրավապահ մարմինների ներկայությամբ, առաջին հերթին ուղղված էին ոստիկաններին:

Իրավապահ մարմինները չէին կարող բամբակների մեջ պահած բերման ենթարկել քաղաքացիներին, այդպիսի դեպքեր ևս հնարավոր են»,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Նա նաև նշեց՝ Սյունիքում կան անձինք, ովքեր իրոք անհանգստանում են իրավիճակով, բայց կան մարդիկ, ովքեր չարաշահում են այդ ամենը և սխալ դրսևորումներ ունենում, իսկ իշխանությունները պետք է այդ դրսևորումներին արձագանքեն:

«Անվտանգային խնդիրներ կան մեր հայրենիքի ողջ սահմանների երկայնքով, քանի որ մենք գիտենք՝ ինչ երկրներով ենք շրջապատված և ինչ աշխարհաքաղաքական իրողություններով ենք ապրում, մենք պետք է այսօր լուծենք այսօրվա հարցը, որպեսզի մյուս օրը չբախվենք այդ խնդիրներին»,- նշեց նա:

Պատգամավորը նաև անդրադարձավ արտահերթ ընտրություններին և նշեց՝ առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունները ցույց կտան իրավիճակը, և արդյունքում մենք կտեսնենք՝ ինչ հանգուցալուծում է լինելու, միայն թե չասեն ընտրությունները կեղծել են։

 Նա նաև ընդգծեց՝ չեն կարող կոալիցիա կազմել օրինակ՝ ԲՀԿ-ի հետ:

«Մենք չենք կարող կազմավորել կոալիցիա այն ուժերի հետ, որոնք Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարանի ազդեցության տակ են: Եթե խոսենք ընդդիմադիր թևի մասին, ես օրինակ չէի ցանկանա ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, քանի որ ԲՀԿ-ն բուրժուական կուսակցություն է»,- ասաց Հովիկ Աղազարյանը: