Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Այնպես չէ, որ Սյունիքում լուրջ անվտանգային խնդիրներ կան և Սյունիքում բնակվելը վտանգավոր է. իմքայլական պատգամավոր

Պատերազմից հետո էական փոփոխություններ են եղել և՛ սահմաններում և՛ սահմանամերձ գոտիներում: Վերահսկողության ուժեղացման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում, բայց աշխատանքների ծավալն այն քան մեծ է, որ դա հնարավոր չէ անել 1-2 ամսվա մեջ: Պետք է ստեղծել սահմանապահ գոտի, անվտանգային ուժերի տեղաբաշխվածության հարց լուծել, ուղղել բանակի մեջքը: Այս ամբողջը համալիր աշխատանքներ են, որը պետք է կատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում: Բայց որ ասենք այս պահին Սյունիքում լուրջ անվտանգային խնդիրներ կան և Սյունիքում բնակվելը վտանգավոր է, այդպես չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքերով, միջադեպեր կարող են լինել, այնպես չէ, որ մեր հարևանը Շվեյցարիան է կամ Ֆրանսիան, այնպես չէ, որ թղթի վրա ամբողջ գրվածն օրենքի տառին համաձայն իրականացվելու են. «Իհարկե միջադեպեր լինելու են, սակայն դրանք պետք է հնարավորինս կանխել: Եթե Ադրբեջանի որոշ զինծառայողներ բռնություն են գործադրել մեր հովվի նկատմամբ, այդ հարցը պետք է մանրամասն քննվի, այն պետք է նաև ներկայացվի ռուսական խաղաղապահ ուժերին: Նրանք նույնպես պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի նման միջադեպերը բացառվեն»: