Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Իսրայելը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, պատասխան հրթիռներ են արձակվում իսրայելական քաղաքների ուղղությամբ

Իսրայելական կողմը շարունակում է ավիահարվածները Գազայի ուղղությամբ, զուգահեռաբար պաղեստինցիները շարունակում են հրթիռներ արձակել իսրայելական քաղաքների ուղղությամբ, հայտնում է Al Jazeera լրատվականը և հավելում, որ այդ ընթացքում ակտիվանում են հրադադարին ուղղված դիվանագիտական ջանքերը։

Իսրայելցի զինվորականները պատասխան կրակ են բացել նաև Լիբանանի ուղղությամբ, քանի որ Լիբանանի տարածքից 6 հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ։

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտնել են, որ լիբանանյան բանակի հետ ուժեղացրել են վերահսկողությունը երկրի հարավային շրջաններում։

Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երրորդ հեռախոսազրույցն է ունեցել Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուի հետ և աջակցություն հայտնել հրադադարի հաստատմանը։

«Ամնեսթի ինթերնեշընլ» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Միացյալ Նահանգների՝ Իսրայելին, վերջին հակամարտության ֆոնին, 735 միլիոն դոլարի զենք վաճառելու ծրագրերը և շեշտել, որ նման ծրագրերի հաստատումը խախտում է մարդու իրավունքները պաշտպանելու Միացյալ Նահանգների պարտավորությունը։

«Զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ի կառավարությունը ռիսկի է դիմում՝ ակտիվացնելով քաղաքացիական անձանց դեմ իրականացվող հարձակումները», – ասել է կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով իրավապաշտպան խմբի տնօրեն Ֆիլիպ Նասիֆը՝ Բայդենին կոչ անելով վերանայել վերոնշյալ որոշումը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, իսրայելական բանակի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Պատերի պահպանություն» գործողության մեկնարկից ի վեր Գազայի հատվածից Իսրայել է արձակվել շուրջ 3350 հրթիռ, որից մոտ 500-ը անհաջող կերպով ընկել են Գազայի հատվածում։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը երեխա և 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: