Instagram սոցիալական ցանցում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին «շայթան» անվանած օգտատիրոջ հայրն ու հարազատները ներողություն են խնդրել նրանից:
Այս մասին պատմող 2 տեսանյութ է հրապարակել «Գրոզնի» հեռուստաալիքը:
Ինչպես նշված է հեռուստաընկերության ռեպորտաժում, մեկնաբանության հեղինակը դաղստանցի 15-ամյա երիտասարդ է, որն ապրում է Մոսկվայի մարզում:
Առաջին տեսանյութում հայրը ներողություն է խնդրել «իր 15-ամյա որդու սխալ դաստիարակության համար» և խոստացել, որ «հետագայում լուրջ կվերաբերվի որդու դաստիարակությանը»: Այդ պահին կադրում երևում է, որ դեռահասը նստած է հոր կողքին:
Երկրորդ տեսանյութում երևում է, թե ինչպես են դեռահասի հարազատներից 5-ը ներողություն խնդրում:
«Հարգելի՛ Ռամզան Ախմատովիչ, մենք՝ այս պատանու հարազատները, լիովին գիտակցելով մեր տղայի արարքը, հայցում ենք Ձեր և Ձեր շրջապատի ներողամտությունը», – ասում է տղամարդկանցից մեկը՝ չնայելով տեսախցիկին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մայիսի 17-ին Instagram-ում Կադիրովի ուղիղ հեռարձակման ժամանակ օգտատերերից մեկը նրան «շայթան» էր անվանել: Նա նկատել է մեկնաբանությունը, բարձրաձայն կարդացել է այն, «սքրինշոթ» արել և ասել, որ այս գրության հեղինակը կդադարի գիշերները քնել, իսկ «հիմա կտակ կգրի և կսկսի լաց լինել»:
«Տեսնենք, թե մեզնից ով է շայթանը: Ես ոչնչացրել եմ շատ շայթանների, քեզ նույնպես կոչնչացնեմ»,-ասել էր երկրի ղեկավարը: