Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ադրբեջանը քաղաքական աճուրդի է հանել մեր ռազմագերիներին, իսկ ՀՀ իշխանությունները նրանց վերադարձի հարցում ստերով խճճել են գերտերություններին․ Նաիրա Զոհրաբյան

Ադրբեջանը շարունակում է քաղաքական պատանդի կարգավիճակով պահել մեր ռազմագերիներին, քաղաքական աճուրդի է հանել նրանց՝ Հայաստանի իշխանություններից նոր զիջումներ կորզելու համար արդեն նաև ՀՀ սուվերեն տարածքի հաշվին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս իշխանությունները խճճել և խառնել են, գերիների վերադարձի հարցը ստերով, ինչ-ինչ ենթադրյալ պայմանավորվածություններով, ըստ նրա՝ այս հարցում ստերի պատճառով խճճել են նաև գերտերություններին։ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը գերիների հարցի կարգավորման հետ կապված ենթատեքստով այն ներկայացրել է տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի ճանաչման շրջանակներում։

«Այսինքն՝ Հայաստանը ճանաչի, որ Ադրբեջանի կողմից գրավյալ Արցախի 75 տոկոսը ադրբեջանական տարածք է, իրենց արտաքին գերատեսչությունը ինչ-ինչ բացահայտ նկրտումներ ունի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, դա վերաբերում է Տիգրանաշենին, Տավուշի անկլավին, Սև լճի Խոզնավարի հատվածին, Վարդենիս-Սոթք վերնամասի որոշակի հատվածին։ Հայաստանի իշխանություններն արդեն բացահայտ հայտարարում են, որ դրանք ադրբեջանական տարածքներ են եղել, ավելին Հ1-ը ռեպորտաժ է պատրաստում Տիգրանաշենի ադրբեջանական լինելու մասին, իսկ իշխանության քավորի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, Տավուշի մարզի գյուղերի վերաբերյալ խոսում է նույն լեքսիկոնով, ինչ խոսում էր Նիկոլը Շուշիի մասին, ասում է՝ դե ինչ է, որ անմարդաբնակ դատարկ, ադրբեջանական գյուղեր են»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինչ կապ ունի Արարատի ու Նախիջևանի կամ Ջերմուկի ու Ադրբեջանի սահմանը որտեղով է անցնում։ Ըստ նրա՝  նշված  բոլոր հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել ինչ-որ  պայմանավորվածությունների մասին։

«Երբ Նիկոլը կանգնում ասում է՝ ի՞նչ տարբերություն Ջերմուկի և Ադրբեջանի սահմանը   որտեղով է անցնում, ես իրեն հորդորում եմ Ադրբեջանի սահմանն անցկացնել իր տնով, կտեսնենք տարբերությունը հասկանո՞ւմ է, թե ոչ»,- ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ երկու օր առաջ ռազմագերիների հարազատները, ծնողները  հանդիպել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ծնողների պահանջով հանդիպմանն ինքն էլ է ներկա եղել։

«Բավականաչափ ծանր զրույց էր․ ծնողները շատ հուսահատ են, վրդովված, վիրավորված, որովհետև որևէ պատական կառույցից որևէ սպառիչ տեղեկատվություն չեն կարողանում ստանալ, որևէ հույս, որ բավարար քայլեր ձեռնարկվում են իրենց որդիների վերադարձի համար, չեն տեսնում։ Հանդիպմանը ներկա էին հիմնականում Շիրակի մոբի գերեվարվածների ծնողները, որոնցից 14 -ին Ադրբեջանի Հատուկ հանցագործությունների գործով դատարանն արդեն մեղադրանք է առաջադրել ահաբեկչության, դիվերսիոն գործողությունների մեղադրանքով, ինչ անհեթեթություն ասես վերագրում են, գործն ուղարկել են դատարան»,- մանրամասնեց նա։