
Բնակիչների հետ հանդիպմանն Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ՝ մասնավորապես ընդգծելով, որ 2020 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտական փուլում գտնվող մանկապարտեզի կառուցման աշխատանքներին 2022 թվականին նույն ծրագրով կհաջորդի հարակից տարածքի բարեկարգումը և կահավորումը։
Մարզպետն ուրախությամբ տեղեկացրել է նաև, որ պետական բյուջեի միջոցներով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հիմնանանորոգվելու է Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2 կմ հատվածը: Նա նաև հայտնել է, որ համայնքապետարանի միջոցներով էլ նախատեսվել է երկու խորքային հորի վերականգնում:
Այդուհանդերձ, բնակավայրում ծրագրերի շարունակականությունն ապահովելու և առկա խնդիրները տարեցտարի նվազեցնելու համար Էդվարդ Հովհաննիսյանը Զարթոնքի բնակիչներին կոչ է արել բարեխիղճ կերպով վճարել տեղական հարկերը, տուրքերը և վճարները՝ ընդլայնելով համաֆինանսավորման ծրագրերին մասնակցելու հնարավորությունը:
Այնուհետև մարզպետն այցելել է մանկապարտեզի շինհրապարակ, զրուցել շինարարների հետ, ապա շրջել մանկապարտեզում, ծանոթացել արդեն ավարտական փուլին մոտեցող ներքին հարդարման աշխատանքներին: Նա շինպատասխանատուին հորդորել է՝ պահպանելով իրականացվող աշխատանքների որակը՝ դրանք ավարտին հասցնել սահմանված ժամկետում: Էդվարդ Հովհաննիսյանի Զարթոնք այցն ամփոփվել է դպրոցում կատարված շրջայցով և մանկավարժական կազմի հետ հանդիպմամբ: