Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն. նախարար

Բացառված չէ, որ հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները հանվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, բոլոր սահմանափակումները «ժամանակավոր բնույթ են կրում եւ միտված են այդ ընթացքում որոշակի խնդիր լուծելուն եւ որոշակի նպատակի հասնելուն»:

Ավանեսյանի խոսքով, հունվարին օմիկրոնի արագ տարածման պարագայում սահմանափակումները «որոշակի զսպող մեխանիզմ դարձան եւ ինչ-որ առումով խթանեցին պատվաստումները»:

«Սահմանափակումների մասով մեր մասնագիտական թիմը վերլուծում է, թե ինչ մարտի 1-ից ինչ փոփոխություններ պիտի անենք: Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան», – ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ից առողջապահության նախարարի հրամանով Հայաստանում ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումներ, համաձայն որոնց, հանրային մի շարք վայրեր մուտք գործելու համար անհրաժեշտ է պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ:

Բազմաթիվ տնտեսվարողներ բողոքում էին այս որոշման անտրամաբանական լինելուց, ինչպես նաեւ դրա՝ բիզնեսի վրա խիստ բացասական ազդեցությունից: «Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, սննդի հարցերով փորձագետ Աշոտ Բարսեղյանի խոսքով` հունվարի 22-ի եւ 23-ի դրությամբ շրջանառությունը հանրային սննդի ոլորտում նվազել է 50-80 տոկոսով։