Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Բեռնատարների մեջ պահվող դիեր այլեւս չկան, բայց կան մասունքներ, որոնք չեն ուզում հուղարկավորել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից երեկ հետաքրքրվեցինք՝ արդյոք դեռ սառնարաններում պահվո՞ւմ են զոհված զինվորների մարմիններ կամ մասունքներ եւ ի՞նչ պայմաններում են պահվում։ Նախարարին հիշեցրինք նաեւ նրա՝ նախկինում ասածը՝ ծնողներ կան, որոնք տարբեր պատճառաբանություններով չեն ընդունում ԴՆԹ փորձաքննության արդյունքները, թե դա իրենց երեխայի մարմինն է, ու չեն վերցնում այն՝ հուղարկավորելու։ Հիմա քանի՞ այդպիսի մարմին կա, որ դեռ չի հուղարկավորվել։ Նախարարի պատասխաններից, սակայն, հստակ թիվ չկարողացանք ստանալ։

«Այո, ցավոք սրտի, կան նման դեպքեր, եւ դեռ ունենք նման դեպքեր, երբ որ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի կրկնվող հետազոտության պարագայում էլ ծնողները կամ հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու եւ հուղարկավորելու։ Մենք հասկանում ենք, որ սա շատ ցավոտ պրոցես է, եւ պիտի նշեմ, որ ե՛ւ Քննչական կոմիտեն, ե՛ւ մյուս պատկան մարմինները զբաղվում են, որպեսզի այս ընթացքը հնարավորինս արագ կերպով մենք ավարտին հասցնենք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է բուն նույնականացման պրոցեսին, ապա Ավանեսյանը նախ հիշեցրեց, որ եղել են դժվար հետազոտվող մասունքներ, որոնք քայքայված են եղել, եւ շատ դժվարությամբ է հնարավոր դարձել դրանցից ԴՆԹ առանձնացնելը։ «Մենք հարյուրից մի փոքր ավելի մասունքներ ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, եւ այդ փուլը եւս ավարտվել է։ Այս պահին, կարելի է ասել, մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք եւ ներկայում հետազոտման մեջ չունենք որեւէ փորձանմուշ»,- ասաց նա։

– Այսինքն՝ սառնարաններում պահվող մարմիններ կա՞ն այս պահին, թե՞ ոչ։

– Ես Ձեզ ասացի, որ կան նույնականացված մասունքներ, մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն։ Եվ շեշտեմ, որ կան նաեւ մասունքներ, որ անհնար է դրանց նույնականացումն իրականացնել, դրանք առանձին արխիվացված են։

– Թիվ կարո՞ղ եք ասել։

– Չէ, թիվ չեմ կարող հնչեցնել։

– Չե՞ք տիրապետում թվերին, թե՞ այլ պատճառ կա։

– Գիտեք, որ ընդհանուր թվերի հետ կապված պատկան մարմինը Քննչական կոմիտեն է, եւ դա իրենց իրավասությունն է, եւ ես ինձ չեմ վերապահի նման իրավասություն։

– Տիկին Ավանեսյան, Դուք հիշո՞ւմ եք հայտնի պարկերում պահված մարմինների պատմությունը, որը մեծ աղմուկ ու քննադատություն առաջացրեց նաեւ Ձեր դեմ, հիմա ի՞նչ պայմաններում են պահվում այդ մասունքներն ու մարմինները։

– Ուրեմն 2021 թվականի ընթացքում մենք ավարտեցինք մեր բոլոր դատաբժշկական կենտրոնների դիահերձարանների վերանորոգման աշխատանքները ե՛ւ Մեծամորում, ե՛ւ Մարտունիում, ե՛ւ Աբովյան քաղաքում, եւ այս պահին, կարելի է ասել, գոյություն ունեցող բոլոր դիահերձարանները համապատասխանում են բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին, դրանք վերանորոգված են, կահավորված են, ապահովված են սառնարանային, ամբողջական կարողություններով։

– Այսինքն՝ բեռնատարների մեջ պահվող դիեր չկա՞ն այլեւս։

– Ոչ, որեւէ բեռնատարում չկա։

– Այն ժամանակ, երբ ականատես եղանք գետնին գցված պարկերի մեջ պահվող դիերի այդ սահմռկեցուցիչ տեսարանին, դա զուտ պայմանների վատթար լինելո՞ւ հետեւանք էր, թե՞ նաեւ նախարարության կամ այլ կառույցների անփութության։

– Ես բազմիցս այդ թեմայով նշել եմ, որ դա կոնկրետ աշխատակիցների ոչ պատշաճ վերաբերմունքի արդյունք է, որի հետ կապված՝ եղավ ծառայողական քննություն, եւ նրանք ազատվեցին աշխատանքից։

Վահե Մակարյան

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/d7f9a5c6d60e39efca77d7632c771022

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»