Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Արցախի բանակի նախկին հրամանատարը բացատրել է` ինչ էր անում «բունկերում» պատերազմի ժամանակ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում չի մասնակցել մարտական գործողությունների ղեկավարման գործընթացին։ Նա սպեկուլյացիա է անվանել հակառակ պնդումները։
Նշենք` Բաբայանը, որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում է 44–օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին։
Ընդդիմությունն, ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, քննադատել է հանձնաժողովի աշխատանքներին Բաբայանին ներգրավելու որոշումը` հայտարարելով, որ նա ևս պատասխանատու է տեղի ունեցածի համար։
Արցախի ԱԽ նախկին քարտուղարը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ պատերազմի ժամանակ դիմել է բանակի հրամանատարությանը` առաջարկելով իր օգնությունը։ Նրան գրավոր պատասխանել են` կտրականապես արգելելով միջամտել բանակի գործերին։
«Անհասկանալի է, թե իմ ինչ մասնակցության կամ ղեկավարման մասին է ընդհանրապես խոսքը», – տարակուսում է նա։
Բաբայանը նշել է, որ «բունկերում» հրամաններ չի տվել, որոշումներ կայացնելով չի զբաղվել, տեսածը զեկուցել է իր ղեկավարին` Արցախի նախագահին։
ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը կարծում է, որ նախկին և ներկայիս բոլոր բարձրաստիճան զինվորականները պարտավոր են գալ հանձնաժողով և պատասխանել հարցերին, այլ ոչ թե թաքնվել «ընդդիմադիրի» քողի տակ։ Ասվածը վերաբերում է, այդ թվում, պաշտպանության նախկին նախարար, ներկայում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Բաբայանը շեշտեց, որ մինչև 2016 թվականը Օհանյանը պաշտպանության նախարար էր, նա նկատելի ներդրում է ունեցել բանակաշինության մեջ, իսկ պատերազմի օրերին տարբեր առաջադրանքներ է կատարել։ Հաշվի առնելով դա` նա չի կարող և չպետք է խուսափի հանձնաժողովի աշխատանքից։