Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ամասիա խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները սեփական նախաձեռնությամբ են հրաժարվել մանդատներից

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության անդամները սեփական նախաձեռնությամբ և նոտարի հաստատմամբ  են մանդատներից հրաժարվել, ինչը  համաձայնեցված չի եղել կուսակցության վարչության հետ։ Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը,  տեղեկացնելով, որ որպես մարզպետ՝ ինքը հորդորել է նման քայլի չգնալ:

«Սա իրավական ոչ բավարար գիտելիքների դրսևորում էր, կարծում էին, թե կարող էր նոր ընտրություն լինել: Եվ այն պահից սկսած, երբ համայնքի ղեկավարի մեր թեկնածուն այս առումով քաղաքական գծից առանձնացել է, «Քաղաքացիական պայմանագիր»-ն այլևս գործառույթ չունի: Ես ուզում եմ ասել, որ ՔՊ-ն չի դիմել դատարան: Համամասնական ցուցակները հաշվի առնելով՝ դատարան դիմում է վարչությունը, վարչության ղեկավարի, այս դեպքում՝ Սուրեն Պապիկյանի ստորագրությամբ: ՔՊ-ն նման գործընթացի մեջ չի մտել Ամասիա համայնքում»- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեղեկացրեց մարզպետը:

Ամասիա խոշորացված համայնքում դեռևս չի կարգավորվում Արփի համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանի և նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանի հարաբերությունները: ՏԻՄ ընտրությունից շուրջ 3 ամիս անց ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Մերգել Ղարիբյանը դեռ ընդդիմանում է, չի հանձնում իր տնօրինության տակ մնացած գույքը և դիմել է դատարան՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում:

Նազելի Բաղդասարյանը խնդրի մասին խոսել է համայնքապետ Ջեմմա Հարությունյանի հետ և հորդորել օրենքով սահմանված կարգով ստանձնել լիազորություններն ամբողջ ծավալով: Զրուցել է նաև ընդդիմացող և ընտրական արդյունքը վիճարկող Մերգել Ղարիբյանի հետ:

«Ուրբաթ օրն ենք զրույց ունեցել, առաջարկել ենք համատեղ աշխատել, նաև որոշակիորեն քննարկել տիկին Հարությունյանի հետ վարչական պաշտոններում այն մարդկանց նշանակումը, որոնք արդյունավետ են աշխատել միավորված համայնքում: Ես կարծում եմ, որ երկխոսությունը պետք է տեղի ունենա: Ամեն դեպքում, նման կաթվածահար գործընթացը ձախողում է համայնքում ծրագրերի իրականացումը և տիկին Հարությունյանը, որպես համայնքի ղեկավար, պետք է բավարար ուժ գտնի իր մեջ և ստանձնի իր ամբողջական լիազորությունները»,-նշեց Նազելի Բաղդասարյանը: