Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ռուսաստանը եւ Ադրբեջանը կզարգացնեն ռազմաքաղաքական համագործակցությունը

Մոսկվան եւ Բաքուն մտադիր են զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին եւ ուղղված չէ այլ երկրների դեմ։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրում, որը երեքշաբթի Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրեցին երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կողմերը երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն են զարգացնում, որը համապատասխանում է ազգային շահերին եւ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- ասվում է փաստաթղթում։

Կողմերը պայմանավորվել են նաեւ անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն տրամադրել։ «Անվտանգության ապահովման, խաղաղության եւ կայունության պահպանման համար Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը եւ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի գործող միջազգային իրավական պարտավորությունները»,- ասված է հռչակագրի տեքստում։

Ռուսաստանը եւ Ադրբեջանը մտադիր են միավորել ուժերը միջազգային ահաբեկչության, կիբերհանցագործության եւ անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում։ «Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ անջատողականության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրամիջոցների եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների, ինչպես նաեւ անվտանգության այլ նոր մարտահրավերների դեմ պայքարում»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ «այդ համատեքստում կողմերը տեղեկատվություն են փոխանակում եւ սերտորեն համագործակցում են այդ անօրինական գործողությունների ֆինանսավորման ուղիների բացահայտման եւ կասեցման ուղղությամբ»։

Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան եւ Բաքուն կկանխեն անհատների եւ կազմակերպությունների գործունեությունը, որն ուղղված է երկու երկրների տարածքային ամբողջականության դեմ։ «Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն կանխում են իրենց տարածքներում կազմակերպությունների եւ անհատների գործունեությունը, որոնք ուղղված են մյուս կողմի պետական ​​ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ»,- ասվում է փաստաթղթում։

Միջուկային էներգետիկա․ Ռուսաստանն ու Ադրբեջանը կդիտարկեն խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, ասվում է հռչակագրում։ «Կողմերը կդիտարկեն փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաեւ, որ Մոսկվան եւ Բաքուն, սերտորեն համագործակցելով միջազգային էներգետիկ համագործակցության խթանման եւ գլոբալ էներգետիկ անվտանգության հավասար եւ փոխշահավետ հիմունքներով ամրապնդման համար, մտադիր են խորացնել համագործակցությունը վառելիքաէներգետիկ ոլորտում, այդ թվում՝ նավթագազային հանքավայրերի որոնման եւ մշակման, էներգետիկ ռեսուրսների փոխադրման ոլորտում, այդ թվում՝ արդյունավետ ենթակառուցվածքային նախագծերի ներգրավումը, ինչպես նաեւ էներգիայի այլընտրանքային եւ վերականգնվող աղբյուրների ոլորտներում:

Ղարաբաղի հարցով պայմանավորվածություններ․ Մոսկվան եւ Բաքուն կանեն հնարավոր ամեն բան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու համար, ասվում է հռչակագրում։

«Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն ամեն կերպ նպաստել ԱՀ Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների դրույթների իրականացմանն ուղղված ջանքերին, որոնք հիմք հանդիսացան կայունության եւ անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման համար»,- ասվում է փաստաթղթում։

Անվտանգության սպառնալիք․ Մոսկվան եւ Բաքուն պատրաստ են հրատապ խորհրդակցություններ անցկացնել, եթե ինչ-որ բան սպառնա կողմերից մեկի անվտանգության շահերին։ «Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում հրատապ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի դեպքում, որը, կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խախտել խաղաղությունը կամ ազդել կողմերից մեկի անվտանգության շահերի վրա, ինչպես նաեւ՝ դրա կարգավորման նպատակով նման իրավիճակի սպառնալիքի դեպքում»,- ասված է հռչակագրում։

Կողմերը, ընդգծվում է փաստաթղթում, ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը, երկրներից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը եւ դաշնակցային հարաբերություններին։ Այդ նպատակով նրանք «արտաքին գործերի նախարարությունների միջոցով խորհրդակցությունների մշտական ​​մեխանիզմ են ստեղծում»։

Հռչակագրում նշվում է նաեւ, որ կողմերը «համագործակցում են արտաքին քաղաքական գործունեության ոլորտում՝ Կովկասի եւ Կասպից ծովի տարածաշրջաններում կայունություն եւ անվտանգություն ապահովելու նպատակով»։

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ ղեկավարը, փաստաթուղթը նվիրված է երկկողմ հարաբերություններում նշանակալի իրադարձության՝ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Պուտինը հռչակագրի ստորագրումը ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման նոր փուլ է անվանել:

Տնտեսություն․ Ռուսաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ցանկացած տնտեսական գործունեությունից, որն ուղղակի կամ անուղղակի կերպով վնաս է հասցնում երկրներից մեկին։ «Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը զերծ կմնան ցանկացած տնտեսական գործունեության իրականացումից, որն ուղղակի կամ անուղղակի կերպով կվնասի մյուս կողմի շահերին»,- ասվում է փաստաթղթում։ Ընդհանուր առմամբ, ըստ հռչակագրի, կողմերը կշարունակեն համակողմանի աջակցություն ցուցաբերել Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին, «որը կարեւոր է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների կայուն աճի ապահովման համար»։

Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են նաեւ համագործակցել տնտեսական բարեփոխումների իրականացման գործում եւ խորացնել փոխգործակցությունը, բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի համար՝ ստանձնած բոլոր պարտավորությունների համաձայն:

«Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը մտադիր են որակապես նոր մակարդակի հասցնել արդյունաբերական եւ գիտական ​​համագործակցությունը, ուղիղ կապերը սեփականության բոլոր ձեւերի տնտեսվարող սուբյեկտների միջեւ»,- ասվում է հռչակագրում: Փաստաթղթի համաձայն՝ երկրները մտադիր են զարգացնել համագործակցությունը մետալուրգիայի, ճարտարագիտության, ավիացիայի, ավտոմոբիլային, քիմիական, դեղագործության, ինչպես նաեւ թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհաշինարարական արդյունաբերության ոլորտներում։

Համագործակցություն ֆինանսական ոլորտում․ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանն «իրենց պատրաստակամությունն են հայտնում ազգային օրենսդրության եւ դրամավարկային քաղաքականության շրջանակներում խթանել վարկային եւ բանկային կազմակերպությունների գործունեությունը, ֆինանսական հաստատությունների միջեւ համագործակցության զարգացումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, այդ թվում՝ ֆինանսական եւ արդյունաբերական խմբերի, արտադրությունների եւ այլ կազմակերպչական եւ տնտեսական կառույցների»,- հետեւում է փաստաթղթից։

Կողմերը պայմանավորվել են նաեւ նպաստել փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների օգտագործմանը եւ վճարային համակարգերի ինտեգրմանը, այդ թվում՝ բանկային քարտերի համատեղ սպասարկմանը։