Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան միջազգային գործընկերներին կոչ է արել ավելի շատ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի հավաստագրման դադարեցումից հետո։ UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Վաշինգտոնից առցանց ճեպազրույցի ժամանակ։
«Այժմ առանցքային բանը, որ գործընկերները կարող են անել այս պահին, Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառումն է»,- ասել է Կուլեբան։ Այդ կապակցությամբ նախարարը նշել է, որ Ուկրաինայի նախագահի եւ ուկրաինացի դիվանագետների աշխատանքն արդեն իսկ կոնկրետ արդյունքներ է տալիս:
«Մենք պետք է որոշում կայացնենք: Եւ հենց երեկ սկսեցին հայտնվել առաջին լուծումները։ Այսօր դրանք ավելի շատ կլինեն։ Իսկ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կկիրառվեն։ Սա առաջին ալիքն է։ Բայց դրանց թվում արդեն մի կարեւոր քայլ կա, ինչպիսին Գերմանիայի որոշումն է՝ դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի սերտիֆիկացման գործընթացը»,- ասել է Կուլեբան՝ հավելելով, որ Ուկրաինան երբեք «ձեռքերը չի ծալել», եւ այսօր քրտնաջան աշխատանքը կոնկրետ արդյունքներ տվեց:
«Ես պաշտոնապես շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը՝ Գերմանիայի արտգործնախարարին, այդ որոշման համար։ Սակայն ավելի շատ պատժամիջոցներ են անհրաժեշտ: Վերջին ութ տարվա ընթացքում իրավիճակներ են եղել, երբ մեր գործընկերները աչք են փակել Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ եւ ապակառուցողական գործողությունների վրա։ Դա ստիպեց Ռուսաստանին էլ ավելի առաջ գնալ: Իսկ մեր ունեցած տեղեկություններով՝ նախագահ Պուտինի այս օրերի հաշվարկը հենց այն էր, որ, պարզ ասած, իր որոշման համար նրան ոչինչ չի լինի։ Իսկ երբ պատիժ չկա, ախորժակն ավելանում է հենց ագրեսիայի ընթացքում։ Եւ ես զգուշավոր լավատեսությամբ նշում եմ, որ վերջապես մեր գործընկերները լսեցին մեզ եւ առանց վարանելու սկսեցին կիրառել առաջին պատժամիջոցները»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։