Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Այսօր Հայ եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը։

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ:

Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ Հաղորդություն ընդունեցին», – գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:

Qahana.am-ից  տեղեկանում են, որ Ս. Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Սուրբ Վարդանանց զորավարների հիշատակի գոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կկատարվի նաև քահանայական ձեռնադրություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ութ սարկավագներ, ձեռամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30-ին։