Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Պուտինը եւ Ռաիսին հեռախոսով քննարկել են Ուկրաինան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ։ ՌԴ նախագահն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին՝ հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին որոշման համատեքստում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին՝ Դոնբասի հանրապետությունների խաղաղ բնակչության պաշտպանության համար հատուկ ռազմական օպերացիա իրականացնելու որոշման համատեքստում՝ միջազգային իրավունքի եւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի հետ բարեկամության եւ փոխօգնության պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն»,- հայտնել են Կրեմլում:

Իր հերթին, Իրանի նախագահը նշել է, որ հասկանում է «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների հետ կապված Ռուսաստանի մտահոգություններն անվտանգության ոլորտում», հավելել են մամուլի ծառայությունում:

Պուտինն ու Ռաիսին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի իրականացման առաջընթացը։ «Քննարկվել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պահպանման եւ լիարժեք իրականացման դիվանագիտական ​​ջանքերի հետ կապված հարցեր։ Նշվել է, որ ԳՀՀԾ-ի վերաբերյալ վերջնական պայմանավորվածության ձեռքբերումը կնպաստի տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պահպանմանը»,- նշվում է հայտարարության մեջ: