Յուրաքանչյուր անձ, որ դատական իշխանության մաս է կազմում, դատավոր է եւ ունի ողջամտություն, պետք է ներկա գտնվեր այսօր. Ես չեմ կարծում, որ կա մեկ դատավոր, որը գոնե իր մեջ չի հասկանում, թե դատական համակարգի առջեւ ինչպիսի խնդիրներ կան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ:
«Փորձում են սահմանափակել դատական համակարգի անկախությունը, հնարավոր ճնշումներ են, փորձում են կոտրել դատական համակարգը ու հիմա, եթե որոշ դատավորներ պետք է առաջնորդվեն նեղ անձնական շահերով, ներկա չգտնվեն, ես չգիտեմ՝ դրան ինչ գնահատական տալ», – ասաց նա:
Դատավորը նշեց, թե Դատավորների արտահերթ ժողովը հրավիրվել է նրա համար՝ հասկանալու, թե ինչպես դատավորները կարող են պաշտպանել իրենք իրենց, խնդիրներին ինչ լուծումներ տալ. «Սա ինձ համար օրհասական է, որ բոլորը պետք է գան ու մասնակցեն այս ժողովին»:
Նա համաձայնեց, որ իսկապես գուցե շատ դատավորներ մտավախություն ունեն, որ այս ժողովինմասնակցելու դեպքում իրենց նկատմամբ նույնպես կարող են լինել կարգպահական վարույթներ, անգամ կալանավորումներ. «Կա այդ մտահոգություն, բայց այս խնդիրները՝ կարգապահական վարույթներ, քրեական գործեր, իմ կարծիքով ոչ ոք դրանցից երաշխավորված չէ: Եթե իմ գործընկերներից ինչ-որ մեկը կարծում է, որ ինքը երաշխավորված է կամ ապահովագրված է, չարաչար սխալվում է:
Մենք պետք է պաշտպանենք դատական համակարգը։ Պետք է համախմբվել, չպետք է լինի նեղ անձնական շահերով ղեկավարվել, իսկ, եթե համախմբվածություն եղավ, վստահաբար ասում եմ՝ դատական համակարգին որևէ վտանգ չի սպառնա», – նշեց դատավոր Հովհաննիսյանը։
Նա նկատեց, որ իշխանության ներկայացուցիչների կողմից դատական համակարգի վերաբերյալ տարբեր գնահատական տալը, կլանային համակարգերի գոյությունից, կոռուպցիոն դատավորներից խոսելը անընդունելի է. «Ճիշտ է, խոսում են 39-40 դատավորի մասին, բայց չտլով որեւէ մեկի անունը, դրանով հեղինակազրկում են մոտ 300 դատավորի. «Եթե կան այդպիսի դատավորներ, տվեք անունները, եթե չկան, ուրեմն մի հեղինակազրկեք
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 25-ին ԲԴԽ նախագահի հրամանով նախատեսված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ, քանի որ բավարար քանակով դատավորներ չէին ներկայացել, քվորում չապահովվեց: Ներկա էր ընդամենը 89 դատավոր: Երեկվանից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ դատավորները կարզերից չկան եւ քվորում չապահովվի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էին իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Օրակարգում քննարկման առարկա պետք է դառնար դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։
Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: