Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորում հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ, 40-ամյա ըմբշամարտիկի դին.

Այսօր՝ փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:20–ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է  Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը: Ժամանել են նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության  խումբը՝ վարչության պետի տեղակալ Գալստյանի, ավագ քննիչ  Թադևոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86  հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝  գանգի մասում ստացած վնասվածքով: Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանություն, թե ինքնասպանություն՝ պարզվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Շահինյանը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես  ըմբշամարտիկ: Նախկինում էլ եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել:

© shamshyan.com