MRT Dance ստուդիան մարտի 25-ին կնշի հոբելյանական 5 ամյակը
Արմավիրում գործող բազմաթիվ պարային ստուդիաների մեջ իր ուրույն տեղն ունի <<MRT Dance>> ստուդիան, որը մարտի 25-ին կնշի հոբելյանական 5 ամյակը։Այդ առիթով Armavir News-ը փոքրիկ հարցազրույց ունեցավ հիմնադիր տնօրեններից մեկի՝ Մերի Թադևոսյանի հետ։
Ողջույն Մերի, կցանկանայի զրույցը սկսել հենց անվանումից, ի՞նչու <<MRT Dance>>։
Ստուդիան ստեղծվել է իմ և քույրիկիս՝ Ռիմա Թադևոսյանի համատեղ ջանքերով։ Հենց մեր անվան սկզբնատառերով էլ ստուդիան ստացել է իր անվանումը «MRT Dance»։ Այստեղ ուսուցանում ենք հայկական, դասական, հիպ-հոպ պարային ոճերը և ունենք 100-ից ավելի սան։
Մի փոքր կպատմե՞ք ձեր ստուդիայի անցած ճանապարհի մասին։
Մեր Ստուդիան հաճախ է մասնակցել համերգային ծրագրերի Երևանում և մարզերում։ 2021 թ․ “Sote” հանրապետական մրցույթում մասնակցություն ունենալու շնորհիվ <<MRT Dance>> ստուդիան արժանացել է Գրանտ Պրի մրցանակին, իսկ արդեն 2022 թվականին ստուդիան “Art Panorama” միջազգային մրցույթում զբաղեցնելով Առաջին հորիզոնականը, հնարավորություն է ունեցել Մոսկվայում ներկայացնել Հայաստանը, սակայն հովանավորներ չգտնելու պատճառով մենք հրաժարվել ենք նման հնարավորությունից։ Մեր մրցանակների ցանկն ավելի մեծ է, և ամեն տարի մեր սաները գրանցում են նորանոր հաջողություններ և արժանանում նորանոր մրցանակների։
Ին՞չ է սպասվում հոբելյանական 5-ամյակին։
Մարտի 25-ին տեղի ունենալիք Հոբելյանական համերգը կվարի Անեչկա Պռազյանը և հաղորդավար Գոռ Մարտիրոսյանը։ Համերգային ծրագիրը բավականին հագեցած է, կլինեն հետաքրքիր պարային համարներ և անակնկալներ։ Համերգի շրջանակներում հյուրընկալելու ենք Նաև Այրարատ Փրոջեքթին։Հոբելյանական 5 ամյակը լրացել է ավելի վաղ՝ հոկտեմբեր ամսին, պատերազմական դրությունից ելնելով համերգը հետաձգվել է և տեղի կունենա մարտի 25-ին ժամը 16։00-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի մշակույթի տանը։
Ըստ Ձեզ ի՞նչ է պարը։
Դժվար թե գտնվի մեկը, ով երբեք երաժշտության ներքո շարժվելու ցանկություն չի ունեցել։ Շատ մարդիկ չեն կարողանում պատկերացնել իրենց կյանքն առանց պարի։ Պարելը մեր հոգու խորքային պահանջներից և կյանքի շարժիչ ուժերից մեկն է։ Պարը ինքնարտահայտվելու հիանալի միջոց է։ Եվ ինչպես ասել է Ֆրիդրիխ Նիցշեն՝ «Ամեն կորած օր պետք է համարենք, որ գոնե մեկ անգամ չենք պարել».
Ի՞նչն եք կարևորում ձեր աշխատանքի մեջ։
Մեզ համար կարևորը պրոֆեսիոնալ և պատասխանատու մոտեցումն է մեր աշխատանքին։ Հենց այդ մոտեցման շնորհիվ են մեր սաները հասնում նորանոր հաջողությունների, որոնց մասին մենք խոսում ենք հպարտությամբ, քանի որ դրանց մենք հասել ենք տքնաջան աշխատանքով։
Մերի Պողոսյան