Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Դատավորը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում. փաստաբանը՝ «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործի մասին

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի» գործը նախագահող դատավոր Սերգեյ Սահակյանը չտարբերեց փաստերը փաստերի իրավական գնահատականներից, և դրեց ապացուցման պարտականություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

«Եթե հայցվորը որեւիցե գործով պնդում է, որ այսինչ բանը տեղի է ունեցել, ապա պետք է բերի ապացույցներ. ինքն ապացուցում է, որ դա տեղի է ունեցել։ Մենք պնդում ենք, որ այստեղ կա անմեղության կանխավարկած։ Այս գործով դատավորը բացարձակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում։ Դատավորը ոնց որ թե մյուս կողմի հետ մյուս կողմում հանդես գա։ Վերջում այդ երկուսից մեկը պետք է գնա խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Հայցվոր կողմի համար դժվար է մրցակցել այդ երկուսի դեմ»,- նշեց ԱլումյանըԼ

Ըստ փաստաբանի՝ պատահական չէր այս հայցը դատավոր Սերգեյ Սահակյանին մակագրելը, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ մակագրման համակարգիչն առգրավված է. «Ամեն ինչից երեւում է, որ իրենք ուզում են՝ այս կարգի քաղաքականապես զգայուն գործերով դատավորը որոշվի ոչ թե պատահականության սկզբունքով, այլ ուղղորդված»։

Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։