Լրացուցիչ գործոնները, այդ թվում՝ քաղաքական (ռազմական գործողություններն Ուկրաինայում – խմբ.), առայժմ չեն ազդել «Վերին Լարս» անցակետ ուղեւորվող ավտոմեքենաների հոսքի վրա։ Այս մասին փետրվարի 28-ին ասել է «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
Նա հույս է հայտնել, որ վերոնշյալ իրադարձությունները լուրջ ազդեցություն չեն ունենա անցակետի աշխատանքի վրա, քանի որ գործընթացները հեռվացել են ռուսական սահմանից։
Թանանյանը պարզաբանեց, որ ազդանշաններ չի ստանում, որ ինչ-որ բան կարող է լրջորեն փոխվել. «Անցակետում 1500 ավտոմեքենայից բաղկացած հերթ է կուտակվել: Գիշերը Ռուսաստանից 500 ավտոմեքենա են ներս թողել, մտել է մոտ 400 ավտոմեքենա, որոնցից 15-20 տոկոսը հայկական ավտոմեքենաներ են։ Անցակետն աշխատում է գերբեռնված, բայց սովորական ռեժիմով»,- հավելել է նա։