Ռուսական օդանավերի համար ԵՄ օդային տարածքը փակելու որոշումն առանց միջազգային ավիացիայի կանոնների պահպանման է ընդունվել։ Այս մասին հայտարարել է Իտալիայի քաղաքացիական ավիացիայի վարչության (ENAC) նախագահ Պյերլուիջի Դի Պալման։
Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը եվրոպական երկրներին ստիպել է որոշումը հօգուտ արգելքի ընդունել՝ խախտելով միջազգային ընթացակարգերը։ «…Մենք տեսնում ենք, որ միջազգային պայմանագրերը որոշ չափով խախտվում են Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից ընդունված օդային տարածքի արգելքի որոշման հարցում»,- ասել է Դի Պալման։
Նա նշել է, որ Եվրամիության կողմից սահմանած եւ Իտալիայի կողմից կիրառվող օդային տարածքի արգելքը խախտում է ինչպես երկկողմ պայմանագրերը, այնպես էլ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնները։
«Եվրամիության պատժամիջոցները մանրակրկիտ մշակված են միջազգային իրավունքին համապատասխան։ ԵՄ-ն լիովին վստահում է միջոցառումների լիարժեք օրինականությանը եւ դրանց արդյունավետությանը»,- Reuters-ին ասել է եվրոպացի պաշտոնյան, ով խնդրել է չհրապարակել իր անունը: