Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ութ երկրների նախագահները Եվրամիության անդամ երկրներին կոչ են արել Ուկրաինային անհապաղ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել եւ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters-ը։
«Մենք՝ ԵՄ անդամ երկրների՝ Բուլղարիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Սլովակիայի եւ Սլովենիայի նախագահներս, խորապես հավատում ենք, որ Ուկրաինան արժանի է ԵՄ-ին միանալու անհապաղ հեռանկարին»,- ասված է նախագահների նամակում։
Միաժամանակ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ Եվրամիությանը միանալու Ուկրաինայի ցանկությունը օրինական է:
«Կարծում եմ, որ ԵՄ-ին միանալու Ուկրաինայի խնդրանքը օրինական խնդրանք է»,- RAI պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Դի Մայոն։ «Ես համոզված եմ, որ Ուկրաինայում ռուսական ռումբերի տակ եվրոպական քաղաքացիներ են մահանում ու տառապում։ Մենք պետք է նրանց կողմը լինենք»: