Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Shell-ը դուրս է գալիս «Գազպրոմ»-ի հետ բաժնեմասային գործընկերությունից

Shell-ը դուրս է գալիս ռուսական «Գազպրոմ»-ի հետ բաժնեմասային գործընկերությունից: Ընկերության հայտարարության համաձայն՝ Shell-ը մտադիր է դուրս գալ «Գազպրոմ»-ի եւ նրա հետ կապված կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկություններից, որոնց թվում են 27,5 տոկոս բաժնեմասով «Սախալին-2» հեղուկ բնական գազի գործարանը, 50 տոկոս բաժնեմասով Salym Petroleum Development-ը եւ Գիդանսկի էներգետիկ ձեռնարկությունը: Ընկերությունը կդադարեցնի նաեւ իր մասնակցությունը «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծին։

«Մեր անմիջական խնդիրը Ուկրաինայում մեր մարդկանց անվտանգությունն է եւ Ռուսաստանում մեր մարդկանց աջակցությունը։ Աշխարհի կառավարությունների հետ քննարկումների ժամանակ մենք նաեւ կմշակենք բիզնեսի համար մանրամասն հետեւանքները, ներառյալ Եվրոպա եւ այլ շուկաներ էներգիայի հուսալի մատակարարումների կարեւորությունը՝ համապատասխան պատժամիջոցների պահպանմամբ»,- ասել է Shell-ի գլխավոր տնօրեն Բեն Վան Բերդենը:

Ընկերության տվյալներով՝ 2021թ․ վերջին Ռուսաստանում այդ ձեռնարկություններում Shell-ի ոչ ընթացիկ ակտիվները կազմել են մոտ 3 մլրդ դոլար։

«Մենք սպասում ենք, որ «Գազպրոմ»-ի եւ հարակից կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկություններից դուրս գալու որոշումը կազդի Ռուսաստանում Shell-ի ակտիվների հաշվեկշռային արժեքի վրա եւ կհանգեցնի դրանց արժեզրկմանը»,- ասվում է Shell-ի հայտարարության մեջ: