Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Բայդենի վարչակազմը մերժել է Ուկրաինայի օդում «ոչ թռիչքային» գոտի ստեղծելու կոչերը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մերժել է Ուկրաինայի օդում «ոչ թռիչքային» գոտի ստեղծելու կոչերը՝ պատճառաբանելով, որ դա կարող է սրել իրավիճակը։ «Ոչ թռիչքային գոտի» հայտարարելը կպահանջի հարկադիր կատարում, եւ դա «ըստ էության կնշանակի, որ ամերիկյան զինված ուժերը կխոցեն ինքնաթիռներ, ռուսական ինքնաթիռներ»,- MSNBC-ի եթերում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Սա կարող է մեզ տանել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության: Եվ դա այն է, ինչը նախագահը չի ցանկանում անել»,- հավելել է նա՝ նշելով, որ վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը չեն կռվի ռուսական զորքերի դեմ, քանի դեռ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին համապատասխանող իրավիճակ չի ստեղծվել:

Բայդենի վարչակազմը ցանկանում է «մեղմացնել հռետորաբանությունը եւ էսկալացիան» այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց երկրի զսպման ուժերը բարձր պատրաստականության վիճակի բերել:

«Ռուսները, ներառյալ նախագահ Պուտինը՝ որպես Ռուսաստանի առաջնորդ, պարտավորվել է միջուկային սպառնալիքը նվազեցնելու քայլեր ձեռնարկել»,- հավելել է նա: «Բոլորը գիտեն, որ այս պատերազմում չի կարելի հաղթել»,- ասել է Փսակին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ունի «իր սեփական նախապատրաստությունները» եւ «Միացյալ Նահանգներին պաշտպանելու իր սեփական հնարավորություններն ու միջոցները», բայց երկիրը չի բարձրացրել իր մարտական պատրաստականության մակարդակը: «Մենք չենք փոխել մեր գնահատականն այս առումով, բայց պետք է նաեւ շատ հստակ տեսնենք, թե ինչպես է նա օգտագործում սպառնալիքները»,- ասել է Փսակին: «Այն, ինչ մենք ցանկանում ենք անել հենց հիմա, հռետորաբանությունը նվազեցնելն ու լարվածությունը թուլացնելն է»: